ԵՊՀ-ն ծրագրել է 25 տարում վերածվել «գլոբալ հետազոտական համալսարանի»

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Անցկացված ու անցկացվելիք հոբելյանական միջոցառումների, մայր բուհի հետագա ծրագրերի վերաբերյալ ուրբաթ օրը լրագրողների հետ զրուցել է ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Նորաստեղծ համալսարանում, որն ուներ միայն մեկ՝ պատմա-լեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս, առաջին դասախոսությունը կարդացել է նշանավոր հայագետ Ստեփանոս Մալխասյանցը:

Այսօր ԵՊՀ-ն ունի 20 ֆակուլտետ, ավելի քան 13 հազար ուսանող եւ մեկուկես հազար դասախոս:

Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին ներկայացրեց հոբելյանական միջոցառումների շարքը, որ շարունակվելու է մինչեւ տարեվերջ: Առաջիկա օրերին նոր, մշտական ցուցադրությամբ կբացի ԵՊՀ-ի պատմության թանգարանը, կմեկնարկի «Համալսարանական կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն նաեւ 15 երկրների շուրջ 60 ներկայացուցիչներ:

Ծրագրված են նաեւ հոբելյանական շքերթ, համերգային երեկո, բազմաթիվ այլ միջոցառումներ:

Առանձին ժողովածուներով այս տարի հրատարակվել են ԵՊՀ-ի տարեգրությունը, «Կենսագրական հանրագիտարանը», որտեղ զետեղված են բուհի ամբողջ պատմության ընթացքում այստեղ աշխատած գիտնականների եւ դասախոսների կենսագրությունները, մի շարք այլ գրքեր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անձամբ ինքը գո՞հ է համալսարանական կրթության որակից, Արամ Սիմոնյանը արձագանքեց. - «Կրթության որակը, իհարկե, մեզ մոտ շատ հարցերում կաղում է: Մենք անընդհատ պիտի կատարելագործենք այդ կրթության որակը եւ դրա ուղղությամբ մենք շատ գործ անում ենք»:

«Ազատություն» ռադիոկայանի մյուս հարցին, թե երբ ԵՊՀ-ն կարող է տրամադրել եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն, Սիմոնյանը պատասխանեց. - «Մենք ծրագրել ենք 25 տարում վերածվել գլոբալ հետազոտական համալսարանի»:

Բուհի առջեւ կանգնած խնդիրներից ռեկտորը առանձնացրեց նախ միջոցների անբավարար լինելը. - «Այստեղ համալսարանը պիտի ապավինի իր ուժերին, պիտի դիվերսիֆիկացիայի ենթարկի իր ֆինանսական միջոցների հայթայթումը, որով մենք զբաղվում ենք: Բայց դա դժվար պրոցես է, որովհետեւ դեռ հասարակությունը դա չի կարողանում ընկալել, մասնավորապես՝ գործարար աշխարհը»:

«Երկրորդ հիմնախնդիրը կրթության որակի բարելավման հարցն է», - շարունակեց Սիմոնյանը: - «Այդ ուղղությամբ շատ է արվում, բայց ծով աշխատանք կա: Եվ երրորդը՝ գիտահետազոտական աշխատանքների, եթե այդպես կարելի է ասել՝ կյանքին մոտեցնելը: Այսինքն, որպեսզի գիտահետազոտական աշխատանքները ունենան կոնկրետ արդյունավետություն: Ոչ միայն տեսական եւ մեթոդական ոլորտում լինեն, այլեւ կիրառական»: