Արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանին կարող են ներկայացվել հոկտեմբերի 10-11-ը

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ նախաստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանին կարող են ներկայացվել հոկտեմբերի 10-11-ը: Այդ մասին, «Ռոյթերզ» գործակալության հաղորդմամբ, երեկ Միացյալ Նահանգների Փրինսթոնի համալսարանում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Երկկողմ բանակցությունները մեզ հասցրել են կարեւոր մի հանգրվանի», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը արտաքին քաղաքականությանը նվիրված ելույթում: - «Եթե մենք չտեսնենք կանխակալ վերաբերմունք կամ չլինեն ինչ-ինչ ներքին քաղաքական նկատառումներ, կարծում եմ, նախաստորագրված արձանագրությունները կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը: Հուսով ենք` դա տեղի կունենա հաջորդ ամսվա 10-ին կամ 11-ին»:

Թուրքիայի վարչապետը նաեւ հույս է հայտնել, որ հայ - թուրքական սահմանը կբացվի մինչեւ այս տարեվերջ` երկու երկրների միջեւ վավերացված արձանագրությունների հիման վրա:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի հնարավոր այցին Թուրքիա` երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու նպատակով, Էրդողանը ասել է. - «Իմ կարծիքով, այս հարցում չպետք է կասկածներ հնչեն Սերժ Սարգսյանի կողմից. եթե Թուրքիայի նախագահը կարող է հեշտությամբ մեկնել Հայաստան` ֆուտբոլային խաղը դիտելու, նույնքան հեշտ ու պարզ էլ պետք է լինի Հայաստանի նախագահի համար Թուրքիա այցելելը: Իմ համոզմամբ, այցելելու համար նախապայմաններ դնելը այլեւս միջազգային քաղաքականության մեջ առաջ շարժվելու լավագույն ուղին չէ»:

Ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե Թուրքիա կմեկնի ֆուտբոլային խաղը դիտելու, եթե բացվի հայ - թուրքական սահմանը, կամ երկու երկրները մոտ լինեն դրան: