Երեւան տանող ճանապարհներին ուժեղացված հսկողություն է սահմանվել

Your browser doesn’t support HTML5

Ազատ տեղաշարժի հերթական սահմանափակում


Ընդդիմության հերթական հանրահավաքի օրը՝ սեպտեմբերի 18-ին, Երեւան տանող ավտոճանապարհներին հերթական անգամ ուժեղացվել է ճանապարհատրանսպորտային ոստիկանության հսկողությունը։

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներից շատերը վաղ առավոտից փորձում էին Երեւան հասնել։

«Ժողովուրդն են տուժվում, իմ պես մարդիկ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթուղայինի սպասող ուղեւորներից մեկը։

«Համալսարանից արդեն ուշանում եմ», - դժգոհեց մի ուսանողուհի։ - «Ոչ մի բան չեն ասում, ասում են չեն գալու [երթուղայինները], միտինգ է», - հավելեց նա։

Նոր Հաճնից Երեւան տանող ճանապարհը հսկում էր տեղի ոստիկանությունը։ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ոստիկանական բաժանմունքի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանն ասաց, թե այսօր իրենց տարածաշրջանում անասնագողության դեպք է գրանցվել, եւ իրենց հսկողությունը պայմանավորված է այդ փաստով։

«Մի քանի օր է՝ հսկում ենք։ Կապված է անասնագողությունների եւ մեր օպերատիվ բաների համար։ Երեկ էլ ենք եղել, նախորդ օրն էլ», - ասաց Բաղդասարյանը՝ չբացառելով, որ վաղը նույնպես հսկողություն կսահմանեն՝ եթե համապատասխան ցուցում ստանան։

Աբովյանից Երեւան տանող ճանապարհը նույնպես հսկվում էր ոստիկանական մի քանի մեքենաներով։ Ոստիկաններն ասացին, թե թմրամիջոցների եւ զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ են իրականացնում։

Ի տարբերություն նախորդ հանրահավաքների, սակայն, այս անգամ Հայաստանի խոշորագույն երկու քաղաքներից՝ Գյումրիից եւ Վանաձորից Երեւան տանող երթուղային մեքենաների տեղաշարժի սահմանափակումներ չկան։