Կառավարությունը հաստատեց Տեսչական բարեփոխումների հայեցակարգը

Շուրջ մեկ տարի քննարկվող Տեսչական բարեփոխումների հայեցակարգը կառավարության այսօրվա նիստում վերջապես արժանացավ գործադիրի անդամների հավանությանը։
Հայեցակարգը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը մանրամասնեց գործարար միջավայրում առկա այն մտահոգություններն ու հիմքերը, որոնցից ելնելով էլ առաջացել է նման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը։

«Բոլորը բողոքում են, ասում են՝ հաճախակի չհամակարգված, ոչ տեղին ստուգումներ են իրականացնում», - պարզաբանեց նախարարը: - «Պատժին համապատասխան կանոններ չկան: Այսինքն՝ մեկը կարող է մի տասը մարդու կյանքի վտանգ պատճառի, մյուսը ուղղակի սխալ տեղում սխալ գործողություն կատարի, երկուսին էլ նույն 100 հազար դրամ տուգանքն են տալիս»:

«Կա վարչական կոռուպցիա». – շարունակեց Ներսես Երիցյանը: - «Այսինքն՝ եթե ցանկացած հարց կարող ես լուծել եւ օրենքները չկիրառել վարչական կոռուպցիայի ճանապարհով, բնական է՝ այդ համակարգը դառնում է անհասկանալի»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ հնչեցնել այն տեսչությունների անունները, որոնք գերազանցել են լիազորությունները, նախարարը արձագանքեց. - «Նույնիսկ իմ բարեկամը գնում է տեսչություն, որի ղեկավարը ես եմ, կարող է գնալ այնտեղ կաշառք էլ տալ, բայց չի գալիս կոնկրետ ասում, թե ում է կաշառք տվել, որ ես կարողանամ գոնե ցուցադրաբար մեկին պատուհանից դուրս շպրտեմ, որ մնացածը զգաստանան: Կոնկրետ Որակի տեսչության մասով, որը ես եմ ղեկավարում, կան խնդիրներ: Որակի տեսչությունը անընդհատ ինձ բերում է ցուցակ, որով [ուզում են] գնան մասսայական ստուգումներ անեն: Ես ինքս անընդհատ դա արգելում եմ»:

«Տեսչության նպատակը բյուջեն լցնելու համար շատ գումարներ հավաքելը չէ, այլ հասարակության անվտանգության եւ օրենքների կիրառումն ապահովելն է», - հայտարարեց Էկոնոմիկայի նախարարը։

Բարեփոխումների պիլոտային ծրագրի առաջին փուլում ընդգրկվելու պատրաստակամություն են հայտնել նախկինում որակի, այժմ արդեն շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության, հիգիենիկ-հակամաճարակային ինչպես նաեւ` հրդեհային պետական տեսչությունները։