Դավիթ Շահնազարյան. «Զեկույցը քաղաքական իրականությունից կտրված փաստաթուղթ է»

Դավիթ Շահնազարյանը լրագրողնեի հետ հանդիպմանը: 17-ը սեպտեմբերի, 2009 թ.

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի ղեկավար ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Մարտի 1-2-ի իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը «քաղաքական իրականությունից կտրված» փաստաթուղթ է եւ նպատակ ունի «ընդամենը պաշտպանել մարտի 1-ի սպանդն իրականացրած հանցագործներին»:
«Զեկույցն ապացուցեց, որ հանձնաժողովն ուներ միայն մեկ նպատակ՝ քողարկել իշխանությունների կազմակերպած, անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարված մարտի 1-ի սպանդը», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Շահնազարյանը: - «Վստահ եղեք՝ եթե Ռոբերտ Քոչարյանը չիմանար, որ կան այդ կարգի մարդիկ՝ նիկոյաններ, զորիբալայաններ, մանուկյաններ եւ այլն, նա մարտի 1-ի սպանդ չէր անի»:

«Այսօր Նիկոյանի հանձնաժողովը ամբողջությամբ մարդասպանների հետ կիսեց այդ պատասխանատվությունը», - հայտարարեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Նրա համոզմամբ, հենց «փետրվարի 19-ի կեղծված ընտրությունները» եւ մարտի 1-ի իրադարձությունները պայմանավորեցին այն նախապայմանները, որոնք տեղ են գտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններում:

«Թե' հայ-թուրքական այս զարգացումները, թե' Լեռնային Ղարաբաղում ընթացող ոչ ձեռնտու այս գործընթացները անցյալ տարվա փետրվարի 19-ի եւ հատկապես մարտի 1-ի ուղղակի արդյունքն են: Զրոյական լեգիտիմություն եւ մարտի 1-ի սպանդ ունեցող նախագահը, իհարկե, չէր կարող ընդդիմանալ: Ներքին լեգիտիմության իսպառ բացակայությունը փորձ է արվում լրացնել արտաքին լեգիտիմությամբ», - ասաց Շահնազարյանը:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած քննարկմանը՝ Կոնգրեսի ներկայացուցիչը ասաց, թե դա հերթական «անլուրջ, ոչ քաղաքական քննարկումն է», որի ընթացքում Սարգսյանը եւս մեկ անգամ փորձելու է ստանալ մասնակից կուսակցությունների աջակցությունը:

Շահնազարյանը նաեւ ասաց, թե «լուրջ չէ» Դաշնակցության մտադրությունը նախաստորագրված արձանագրություններում փոփոխությունների առաջարկով նախագահ Սարգսյանին դիմելը, քանի որ ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները եւ բողոքի ակցիաները «ընդամենը պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում». - «Իրենք ընդամենը փորձում են ասել, որ՝ մենք մեղավոր չենք, չնայած կրում են ամբողջական պատասխանատվություն»:

«Դաշնակցությունը իշխանական այս կոռուպցիոն համակարգի մաս էր կազմում եւ մինչեւ հիմա էլ նա իշխանության մաս է: Եվ այս ամեն ինչը ներիշխանական խաղեր են», - հավելեց նա:

ՀԱԿ-ը խստորեն քննադատում է խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը հինգշաբթի օրը տարածած հայտարարությամբ խիստ քննադատության է ենթարկում Մարտի 1-2- իրադարձություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի՝ Ազգային ժողովին ներկայացրած զեկույցը։

«Զեկույցը կազմողները միտումնավոր մի կողմ են դրել Փաստահավաք խմբի ավելի քան 6 ամիսների ընթացքում հավաքած
Հանձնաժողովը, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք ...
հսկայածավալ փաստական նյութը եւ կատարած աշխատանքի կարեւորագույն արդյունքները», - ասված է ՀԱԿ-ի հայտարարությունում։ - «Միտումնավոր տապալելով իր առջեւ դրված խնդիրները, այն է՝ մարտիմեկյան զոհերի սպանությունների հանգամանքները պարզելու, ապօրինություններն ու այլ հանցանքները բացահայտելու փոխարեն, Ազգային ժողովի հանձնաժողովը ծնել է վուլգար բարոյախոսությամբ ու քաղաքական գնահատականներով լի մի հայտարարություն»։

«Հանձնաժողովը, ի դեմս վերջնական փաստաթուղթը ստորագրած քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրագործելով իրեն տրված հրահանգը, իր կողմից կատարել է ծանրագույն հանցագործությունները կոծկելու, պարտակելու նոր մի հանցանք։ Դրանով իսկ այն իրավական պատասխանատվության հիմք է դառնալու այն անձանց համար, ովքեր ստորագրել են սույն զեկույցը», - ասված է ընդդիմադիր դաշինքի հայտարարությունում: - «Զեկույցն ըստ էության նաեւ Սերժ Սարգսյանի՝ որպես Մարտի 1-ի ջարդի ու սպանդի գլխավոր կազմակերպիչներից եւ պատասխանատուներից մեկի նկատմամբ մեղավորության, հանցագործության յուրատեսակ մի դատավճիռ է, ապացույց այն բանի, որ խաղաղ քաղաքացիների ջարդն ու սպանդը, հազարավոր ապօրինություններն ու բռնությունները գործադրվել են միայն ու միայն մեկ՝ ապօրինի իշխանությունը պահելու նպատակով»։