«Ժառանգություն»-ը հանրաքվեի հարցով դիմում է կառավարությանը

«ժառանգություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը դիմել է կառավարությանը` հանրաքվե նախաձեռնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ:

Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած նամակում, որը տրամադրել են կուսակցության գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Իբրեւ ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման մեխանիզմ հանրաքվեի (համաժողովրդական քվեարկության) կարող են դրվել նաեւ պետական կյանքի կարեւորագույն հարցեր: Պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը: Ազգային անվտանգության ռազմավարությունում պատշաճ ամրագրում եւ պաշտոնական գնահատական ստացած հայ - թուրքական հարաբերությունները համարվում են պետական կյանքի եւ ազգային անվտանգության կարեւորագույն հարց: «Ժառանգություն» կուսակցության եւ համանուն խմբակցության անունից դիմում ենք Ձեզ` իրացնելու ՀՀ Սահմանադրությամբ, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով Ձեզ վերապահված պատասխանատվությունն ու իրավունքը, այն է` նախաձեռնել եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կազմակերպել համաձայնեցված ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե, որը զուգակցված կլինի երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով»: