Միշել Լեգրանը բացառիկ համերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Նախագահ Սերժ Սարգսյանը Միշել Լեգրանին է հանձնում Հայաստանի Պատվո շքանշանը, 15-ը սեպտեմբերի, 2009

Երեքշաբթի երեկոյան աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը բացառիկ համերգով հանդես եկավ Երեւանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ավելի քան 200 ֆիլմերի երաժշտության հեղինակ, ավելի քան 100 ալբոմ թողարկած կոմպոզիտորն ու դաշնակահարը արժանացել է համաշխարհային երաժշտության բարձրագույն պարգեւների. 3 անգամ ստացել է «Օսկար», 5 անգամ՝ «Գրեմի», 12 անգամ «Սեզար»:

Այսօր ավելի վաղ նրա պարգեւներին ավելացավ եւս մեկը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունելով մեծանուն երաժշտին, նրան հանձնեց Հայաստանի Պատվո շքանշանը:

«Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք, վերադառնում եմ իմ ազգային ակունքներին։ Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը», - Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է Միշել Լեգրանը։

Երեւանում հնչեցին Լեգրանի ամենահայտնի ստեղծագործությունները՝ այդ թվում՝ «Շերբուրյան հովանոցները» ֆիլմի երաժշտությունը:

«Ամեն ինչ անելու եմ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, տիկնոջս՝ հանրահռչակ տավղահարուհի Կատրին Միշելի, քրոջս՝ հիասքանչ սոպրանո Քրիստիան Լեգրանի եւ, իհարկե, հայ ջազմենների հետ համատեղ», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել էր մայրական կողմով հայազգի Լեգրանը, ով թեեւ մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց առաջին անգամ է ելույթ ունենում իր պապերի հայրենիքում:

Միշել Լեգրանի մայրական կողմից պապը՝ Սարգիս Տեր-Միքայելյանը Ցեղասպանությունից մազապուրծ Արաբկիրից հասել էր Ֆրանսիա, եւ հենց հայ պապի տանն է Լեգրանը անցկացել իր մանկության տարիներից 6-ը:

Ասուլիսում նա ասաց, որ չի եղել եւ չի պատրաստվում լինել Արաբկիրում, քանի որ այն գտնվում է Թուրքիայում: Չի եղել եւ չի պատրաստվում լինել նաեւ Գերմանիայում, քանի որ այդ երկրները ցեղասպանություն են իրականացրել: