Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը մտահոգված է հայաստանցի իրավապաշտպանի գործով

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները խորապես մտահոգված են հայազգի իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի նկատմամբ շարունակվող անօրինական եւ անհիմն կալանավորմամբ», - ասված է ցանցի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան:
Հակոբյանը ձերբակալվել է 2009 թվականի հունիսի 5-ին` ոստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար: Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները կարծում են, որ նրա կալանավորման իրական պատճառը կապված է ոչ միայն 2009 թվականի մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում նրա իրականացրած դիտորդական առաքելության հետ, այլեւ առաջին հերթին` նրա իրավապաշտպան գործունեության հետ. - «Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ կալանավորվում է իրավապաշտպան, ինչն արդեն հանդիսանում է մտահոգիչ հանգամանք այն բանի, որ Հայաստանի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել իրավապաշտպանների վրա` քաղաքական ընդդիմության եւ քննադատական մամուլի հանդեպ միջոցներ ձեռնարկելուց հետո»:

«Հակոբյանը երեք ամիս է, ինչ արդեն գտնվում է բանտում: Ըստ Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի` այս ամբողջ ընթացքում իշխանությունները չեն իրականացրել որեւէ հետաքննություն, որպեսզի հաստատեն ոստիկանության աշխատակցի նկատմամբ Հակոբյանի կողմից դիմադրություն ցուցաբերելը: Նրանք նաեւ ոչ մի հետաքննություն չեն իրականացրել Հակոբյանի հանդեպ ոստիկանական բաժանմունքում վերջինիս ձերբակալման օրը իրականացված անմարդկային վերաբերմունքի փաստի առնչությամբ: Ավելին, այն հանգամանքը, որ Հակոբյանին դուրս են բերել ընտրատեղամասից` խախտելով իր իրավասությունները եւ ՀՀ Ընտրական օրենսգիրքը, դեռեւս մնում է չհետաքննված», - ասված է հայտարարությունում:

Տեղեկացնելով, որ Հակոբյանի նկատմամբ դատավարությունը տեղի է ունենալու մի քանի օրից, եւ մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով, Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է անում բոլոր տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաեւ մամուլին` իրենց ներկայացուցիչներն ունենալ դատավարության ընթացքում եւ մանրակրկիտ դիտարկել այս գործը; Հայաստանի իշխանություններին` պահպանել եւ հարգել Արշալույս Հակոբյանի իրավունքներն ու ազատությունները կալանքի տակ գտնվելու ընթացքում եւ դատավարության ժամանակ, հետաքննել ոստիկանական բաժանմունքում Հակոբյանի հանդեպ դրսեւորված «անմարդկային վերաբերմունքի» փաստերը, հետաքննել միջադեպը, որը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 31-ին թիվ 8/23 ընտրատեղամասում, երբ Հակոբյանին եւ իր գործընկերներին խոչընդոտել են իրականացնել ընտրությունների գործընթացի դիտարկումները: