Սեպտեմբերի 10-ի մամուլ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ է հեռացվել կուսակցությունից, ասել է. - «Ես իրական ընդդիմություն եմ եւ չեմ խաղում իշխանական խաղեր: Եվ ես պայքարում եմ նրանց իսկ արած կեղծիքների դեմ: Շնորհակալ եմ նրանց որոշման համար»:

«Մարտի 1-ի հանձնաժողովը, ինչպես հայտնի է, չափազանց անաչառ է եւ բազմակողմանի եւ դեպքից մեկուկես տարի անց որոշել է ստուգել փաստահավաք խմբի տրամադրած ինֆորմացիան», - հեգնում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Այդ նպատակով Պաշտպանության նախարարության պահեստներ են գործուղել երեք հանձնաժողովականների, որոնք ուղիղ, կարելի է ասել՝ «ճակատին» հարցրել են պահեստապետերին՝ բաժանե՞լ եք դուք արդյոք զինվորական շորեր ու գլխարկներ օլիգարխներին ու պաշտոնյաներին: Այդ երեք «հետախույզները», բնականաբար, ենթադրում էին, որ պահեստապետերը, նման բաներ լինելու դեպքում կասեն՝ «այո, իհարկե, բաժանել ենք»: Բայց քանի որ զինվորականները ասացին՝ «ոչ, չենք բաժանել» եւ ցույց տվեցին համապատասխան գրանցամատյաններ, հանձնաժողովականները համոզվեցին, որ ընդդիմության պնդումները սխալ են»: Խմբագիրը իրավիճակը համեմատում է խորհրդային ժամանակների հետ, երբ երկիրը թաղված էր կոռուպցիայի մեջ, սակայն ամեն հիմնարկում գործում էին «ժողովրդական վերահսկողության կոմիտեներ», որոնք «ինչ-որ բան իբր հետաքննում կամ վերահսկում էին, որից հետո հանդես էին գալիս երկարաշունչ հաշվետվություններով»: «Պարզվում է՝ այդ աշխատաոճը հատուկ է ոչ միայն խորհրդային չինովնիկներին», - եզրափակում է խմբագիրը:


«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը, ով իր կարիերայի ընթացքում հայտնի է եղել որպես ընդգծված ռուսամետ (նույնիսկ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից պարգեւատրվել է մեդալով), հանկարծ ստորագրում է մի փաստաթուղթ, որն ակնհայտորեն արեւմտյան (ամերիկյան) նախագիծ է: Ավելին՝ ստորագրում է առանց «մանրուքներին» ուշադրություն դարձնելու: Այլ կերպ ասած՝ մի օրվա մեջ ընդգծված ռուսամետից դառնում է ընդգծված արեւմտամետ: Սա, բնականաբար, ցնցում է Հայաստանի քաղաքական դաշտը: Եվ ի՞նչ: Հայաստանում ընդդիմությունը իսկույն պառակտվում է, որովհետեւ իսկույն հայտնվում են քաղաքական գործիչներ, ովքեր ընդդիմության առաջնորդին խորհուրդ են տալիս անմիջապես օգտվել առիթից (քանի դեռ ռուսները զայրացած են Սերժ Սարգսյանի վրա), շատ արագ դառնալ ընդգծված ռուսամետ եւ փորձել այդ ճանապարհով Հայաստանում վերցնել իշխանությունը: Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, պարզվում է, ինչ-որ սկզբունքներ ունի եւ չի ցանկանում գնալ այդ քայլին: Դա, բնականաբար, նյարդայնացնում է նրա որոշ թիմակիցներին. Իրենք, հասկանում եք, «վիզ են դրել», ձգտել են հասնել իշխանության, ու հանկարծ վճռական պահին «շեֆի սկզբունքայնությունը բռնել է»:

«ժամանակ»-ին հարցազրույց է տվել Եվրախորհրդում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, որը նույնպես ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական նախապատվությունները: Նա ասում է. - «Տեր-Պետրոսյանը հետեւողականորեն պաշտպանում էր այն տեսակետը, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը մեր արտաքին քաղաքականության մասը դարձնելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը, եւ ոչ թե, ասենք, Սփյուռքի համայնքները, պատասխանատու են դառնում դրա համար, ինչն այդ հարցը միանգամից բանակցության ու սակարկության առարկա է դարձնում: Տեր-Պետրոսյանը նաեւ անլուրջ էր համարում ընդհանրապես թուրքերի առաջ ինչ-որ նախապայմաններ դնելու, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու եւ այլ նման պահանջները, որովհետեւ կարողություն ուներ որոշ պարզ հաշվարկներ անելու՝ ի տարբերություն իր բազմաթիվ ընդդիմախոսների: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը ժամանակին երկու հանճարեղ հակափաստարկ առաջ քաշեցին. նախ՝ որ թուրքերից ինչքան շատ պահանջենք, այնքան նրանք ավելի շատ կտան, երկրորդ՝ որ Ցեղասպանության շահարկումը Սփյուռքին կստիպի ավելի լայն բացել իր հավաքական գրպանը: Այս հակափաստարկների մասին որեւէ քաղաքավարի բան ասելն իսկապես դժվար է»:

«Ազգ»-ը խմբագրականում գրում է. - «Բնավ գաղտնիք չէ, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների, ընդհուպ՝ օգոստոսի 31-ի զույգ պրոտոկոլների ստորագրման գլխավոր կնքահայրը Վաշինգտոնն է: Եվ այս պայմաններում տարօրինակ է թվում հայկական որոշ շրջանակների եւ նույնիսկ ամերիկյան կառույցներ ունեցող կազմակերպությունների ոգեւորությունը սեփական՝ ազգային իշխանությունը քարկոծելու գործում, հայտարարված պրոտոկոլների որոշակիորեն աննպաստ կետերի կապակցությամբ: Թիրախների հստակեցման կարիք ունենք, իսկապես: Այդ թիրախներից գլխավորը, սեփական իշխանություններից առաջ, Վաշինգտոնն է, ոչ այնքան բացասական, որքան պատասխանատվությունն ամբողջապես չստանձնելու իր ռեպուտացիայով: Գոնե վերջին 30 տարիներին ես չեմ հիշում որեւէ դեպք, երբ Վաշինգտոնը լիարժեք կատարած լինի իր ստանձնած միջնորդական որեւէ պատասխանատվությունն աշխարհի որեւէ մասում»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը համադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական ցուցանիշները: Թերթի մեկնաբանը գրում է. - «Ադրբեջանի տնտեսության արտահանման կարողությունը արտահանման ամբողջ ծավալում 7.8 տոկոս է, մնացածը նավթային հատվածն է: Վիճակն ավելի է բարդացրել նավթի սպառման գնանկումը... Սա նշանակում է՝ էներգակիրների շուկայում մի ցնցում, տատանում, եւ Ադրբեջանի տնտեսությունը փոշիանում է. այսպես են բացատրում մասնագետները: Հայաստանի արտահանման ծավալների անկումը ավելի քիչ է եղել, քան Ադրբեջանինը: Սա բացատրվում է մեր տնտեսության ավելի դիվերսիֆիկացված լինելով»: