«Օրանժ-Արմենիա»-ն շուկա կմտնի մինչեւ տարեվերջ

«Օրանժ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հավաստմամբ, ընկերությունը մինչեւ տարեվերջ մուտք կգործի հայաստանյան շուկա։ Եվ դարձյալ մինչեւ տարեվերջ կազմակերպությունը նախատեսում է շուրջ 80 միլիոն դոլարի ներդրում կատարել։
«Գումարի 60 տոկոսն արդեն իսկ ներդրվել է», - «Ազատություն» ռադիոկայանի զրույցում այսօր փաստեց Բրունո Դյութուան։

Հայաստանյան բջջային հեռախոսակապի շուկայում գործող «ԱրմենՏել» եւ «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով իրենց տեսակետները հնչեցրին երրորդ օպերատորի՝ շուկա մտնելու կապակցությամբ։

«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը գտնում է, որ բջջային հեռախոսակապի ոլորտում հայաստանյան շուկայում հագեցվածությունը հասնում է գրեթե 100 տոկոսի:

«Իհարկե, մրցակցությունը կլինի շատ թեժ, շատ բան կախված կլինի, թե ինչ շուկայական ռազմավարություն կառաջարկի երրորդ օպերատորը իր մուտքից հետո: Բոլոր դեպքերում համարում ենք, որ դա կլինի ի օգուտ բաժանորդների, ի օգուտ շուկայի ծառայությունների որակի: Եվ սակագնային սակագնային նոր պլանների բազմազանությանը կնպաստի: Երրորդ օպերատորի մուտքին, իհարկե, շատ լուրջ պատրաստվում ենք, սակայն չենք վախենում, որ այն շատ ճակատագրական ձեւով կանդրադառնա մեր բջջային աբոնենտների բազայի քանակության վրա», - հավելեց Բեղլոյանը:

Շուկայի որոշակի վերաձեւավորում, այդուհանդերձ կլինի, ենթադրում է «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ շուկան կքայքայվի այն պարագայում, երբ երրորդ օպերատորի մուտքով նկատվի գների կտրուկ իջեցում։

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջունում է երրորդ օպերատորի մուտքը Հայաստան եւ հայտարարում, որ իրենք պատրաստ են առողջ մրցակցել նոր գործընկերոջ հետ։ Շուկայի հագեցվածության վերաբերյալ Յիրիկյանը ասաց. - «Եթե տնտեսականորան մենք նայում ենք, մեր տնտեսության համար, այո, տեղ կա, եւ ինչու չէ, չորրորդն էլ թող մտնի շուկա: Եթե մենք ուզում ենք նայել իբրեւ բաժանորդներ, կարող եմ ասել՝ տեղ չկա: Բայց, միեւնույն ժամանակ, չմոռանանք, որ մենք՝ հայերս, մի քիչ թիթիզ ժողովուրդ ենք, ուզում ենք մի քանի տարբեր համարներ ունենալ՝ տարբեր կոդերով: Ուրեմն՝ տեղ կա»:

«Օրանժ-Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան չի կարծում, թե դաշտն արդեն փակ է. - «Ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները, կան շատ հաճախորդներ, ովքեր ավելի մեծ ընտրության հնարավորության են սպասում։ Մասնավորապես կան մարդիկ, ովքեր դեռ չեն օգտվում բջջային ծառայություններից, եւ նրանք, ովքեր օգտվում են մյուս օպերատորների ծառայություններից, սակայն ուրախ կլինեին ունենալ ընտրության ավելի մեծ հնարավորություն»։

Բրունո Դյութուան, ընդունելով, որ շուկայում հագեցվածությունը մեծ է, այդուհանդերձ, ընդգծում է մի քանի փաստարկներ, որոնցից մեկը միաժամանակ մի քանի օպերատորի ծառայություններից օգտվելն է։ Որոշ երկրներում հնարավոր է հրաժարվել բջջային ծառայությունների մատուցող օպերատորից եւ առանց հեռախոսահամարը փոխելու, նույն հեռախոսահամարով դառնալ մեկ այլ օպերատորի բաժանորդ։ Ըստ «Օրանժ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի, դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն իրականացնել: Բացի այդ, հարցը պետք է կարգավորվի նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով։

«Որպես 3-րդ օպերատոր, սա մեզ համար շատ հետաքրքիր է, միաժամանակ, կարծում ենք, որ դա հաճախորդներին էլ հնարավորություն կտա հեշտությամբ ընտրություն կատարել։ Սակայն, հիմա դրա մասին խոսելը դեռ վաղ է», - հավելեց նա։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախատեսե՞լ են մատուցել այնպիսի ծառայություն, որը մինչ այժմ չկա Հայաստանում, Դյութուան պատասխանեց. - «Պատասխանը միաժամանակ ե'ւ այո է, եւ ո'չ։ Ամեն դեպքում մենք կարեւորելու ենք ծառայությունների հետ կապված մոտեցումների փոփոխությունը, ինչպես նաեւ մոտեցման փոփոխությունը հաճախորդների նկատմամբ: Սա, իհարկե քննադատություն չէ մեր մյուս գործընկերների հասցեին։ Շեշտը դնելու ենք շատ բարձր որակով ծառայություններ մատուցելու վրա: Բացի այդ գուցեեւ առաջարկենք ծառայություններ, որոնք դեռ չկան Հայաստանում»։

Բրունո Դյութուայի խոսքով, իրենք առաջարկելու են «հետաքրքիր գներ», սակայն որեւէ պատճառ չեն տեսնում, որ «Օրանժի» պես օպերատորը կոտրի գները շուկայում։ Ասյօր արդեն «Օրանժ-Արմենիա»-ն Հայաստանում կնքել է 200-250 աշխատանքային պայմանագիր՝ չհաշված անուղղակի կերպով առաջացած աշխատատեղերը, որոնք կապված են շինարարական աշխատանքների հետ։