«Ոսկե Ծիրան»-ի կինոդպրոցում բացվեց նոր ուսումնական տարին

Քշիշտոֆ Զանուսին լրագրողների հետ հանդիպմանը: 8-ը սեպտեմբերի, 2009թ.

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցյալ տարի հիմնադրված «Ոսկե Ծիրան» բարձրագույն դպրոցում այսօր մեկնարկող դասընթացները ղեկավարելու է աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Երեքշաբթի օրը այդ կապակցությամբ հրավիրված ասուլիսում Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը ասաց. - «Քշիշտոֆ Զանուսին է այն մարդկանցից մեկը, ովքեր առաջին անգամ [Սերգեյ Փարաջանովի] «Նռան գույնը» ֆիլմը դուրս են բերել եվրոպական ասպարեզ: Եվ նրա այդ քայլը այն տարիներին դա համարձակ քայլ էր, դա իսկական արվեստագետի քայլ էր»:

Զանուսին մեկ շաբաթվա ընթացում կովկասյան տարածաշրջանի տարբեր երկրների երիտասարդ ռեժիսորների հետ դասընթացներ կանցկացնի, նրա ղեկավարությամբ կինոդպրոցի ուսանողները նաեւ կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանեն:

Լեհ ռեժիսորը ասաց, որ սիրում է աշխատել երիտասարդների հետ: Նրա խոսքով, Լեհաստանում սերունդների կապը կինոասպարեզում խզված չէ:

«Ճիշտ հակառակը՝ մենք հրաշալի համագործակցում ենք», - հավելեց նա:

Զանուսին խոսեց նաեւ այսօր աշխարհում մեծ տեղ զբաղեցնող «ցածրաճաշակ մշակույթի» մասին, որին մշտապես բախվում է «բարձր արվեստը»՝ լավատեսորեն ավելացնելով. - «Բայց այս փոփոխությունների ընթացքում մենք չենք կարող կորչել, մենք ուզում ենք գտնել մեր տեղը, ուզում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում»: