ՀԱԿ-ի հայտարարությունը հայ–թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն երեկ նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին:
Նշելով, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են», Հայ Ազգային կոնգրեսը, այդուհանդերձ, հավելում է, որ «անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը» եւ «մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը»։