ԵԱՀԿ-ն ողջունում է առաջընթացը հայ - թուրքական բանակցություններում

Դորա Բակոյանիս

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը երեքշաբթի օրը ողջունել է հարաբերությունները կարգավորելու ջանքերը շարունակելու հանձնառության մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Բակոյանիսը ընդգծել է, որ նման զարգացումը կնպաստի տարածաշրջանային կայունությանը:

«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական կապերի հաստատումը դրական քայլ կլինի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, այլեւ դրանից դուրս: Ես ջերմորեն ողջունում եմ այդ դրական քայլը ԵԱՀԿ-ի անդամ երկու պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ», - հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը` կողմերին կոչ անելով զարգացնել Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացվող բանակցություններում ձեռք բերված հաջողությունը: