ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության հարցը

Սեպտեմբերի 23-30-ը` Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը հարցը։ Ադրբեջանի ներկայացմամբ, մասնավորապես, անդրադարձ է լինելու «գրավյալ տարածքների» խնդրին։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը այս կապակցությամբ շատ հակիրճ էր. - «Յուրաքանչյուր Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրակարգը որոշվում է այդ նստաշրջանի առաջին օրը»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, Ադրբեջանի նման պահվածքը կանխատեսելի է. - «Դրանով նրանք անհնարին են դարձնում որեւէ փոխզիջում, ինչպես նաեւ այլ պետությունների կողմից որեւէ հնարավոր միջամտություն այդ գործընթացում, որովհետեւ եթե մի կողմը չի ուզում գնալ որեւէ փոխզիջման, ապա ի՞նչ միակողմանի զիջումների մասին կարելի է խոսել»։

Բաբայանի գնահատմամբ, սակայն, Ադրբեջանի կողմից բանաձեւի ներկայացումը ձեռնտու է հայկական կողմի համար, քանի որ այդպիսով պահպանվում է առկա ստատուս քվոն, ինչը, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակի կարծիքով, «մեզ համար դրական է»։

Հայաստանի նախկին արտգործնախարար եւ ՄԱԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը համաձայն չէ Դավիթ Բաբայանի մոտեցման հետ. - «Չի կարող ձեռնտու լինել Հայաստանի Հանրապետությանը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որեւէ փաստաթուղթ, որում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես օկուպանտ երկիր»։

Ըստ Արզումանյանի, Ադրբեջանը այժմ հստակ քաղաքական խնդիր է լուծում. հնարավորինս շատ ամբիոններից հնչեցնել իր համար ձեռնտու ձեւակերպումներ, որոնք ապագայում թույլ կտան իր համար ավելի բարենպաստ որոշումներ կայացրել. - «Դա նպատակադրված աշխատանք էր, որին պետք էր համապատասխան հակաքայլերով հայկական դիվանագիտությունը թույլ չտար, եւ դա հայկական կողմի թույլ աշխատանքի արդյունքն է»։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշարջանում՝ 2008 թվականի մարտին, 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ քվեներով ընդունվել էր Ադրբեջանի կողմից ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը։ Բանաձեւի ներկայացումը հաջորդել էր Հայաստանում հետընտրական իրադարձություններին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումներին։