Փաստահավաք խմբի անդամները առաջարկում են ուսումնասիրել իշխանությունների հասցեին ներկայացված մեղադրանքը

Անցած տարվա հետընտրական զարգացումներն ուսումնասիրելու համար ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբի նախկին անդամները՝ ընդդիմությունը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը, հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են թվով 950 կոստյումների եւ 140 գլխարկների՝ «բաշխված իրային ունեցվածքի» ցուցակ։
Ցուցակում ընդգրկված են հայաստանյան մի շարք խոշոր գործարարների եւ պաշտոնատար անձանց անունները։ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը նշեցին, որ ցուցակն իրենց տրամադրել է Հայ ազգային կոնգրեսը։ Լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները լրագրողներին տեղեկացրեցին, որ երկուշաբթի իրենց ստորագրությամբ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին հանձնված զեկույցում նկարագրվում է պաշտպանության նախարարության թիկունքի վարչության իրային պահեստ կատարած անակնկալ այցը, Փաստահավաք խմբի բոլոր անդամների մասնակցությամբ, որը, Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ, «ծրագրավորված» կերպով խոչընդոտվել է։

«Երբ մենք հասանք իրային պահեստ, այդտեղ սկսվեցին ծրագրավորված գործընթացներ, որպեսզի Փաստահավաք խումբը չկարողանա ուսումնասիրություն կատարի համապատասխան մատյաններում», - պատմեց Քոչարյանը։

Լուծարված Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների պարզաբանմամբ, այցի առիթ է ծառայել ընդդիմության հանրահավաքներում բազմիցս հնչեցված մեղադրանքը կառավարության հասցեին այն մասին, որ «հայտնի մարդկանց, օլիգարխներին, պաշտոնյա անձանց»՝ պաշտպանության նախարարության պահեստներից մեկից տրամադրվել են զինվորական համազգեստներ։ Ընդդիմադիրների պնդմամբ, համազագեստները բաշխվել են հիշյալ օլիգարխների, պաշտոնատար անձանց թիկնապահներին, որոնք, այնուհետեւ, ներկայանալով որպես զինծառայողներ, մասնակցել են մարտի 1-2-ին իրադարձությունների ժամանակ ընդդիմադիրների դեմ իրավապահների գործողություններին։

«Առաջարկում ենք Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել Հայ ազգային կոնգրեսի կողմից իշխանությունների հասցեին ներկայացված մեղադրանքի շուրջ», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խումբը ստեղծվել է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ 2008-ի հոկտեմբերի 23-ին։ Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 6-ի կարգադրությամբ: