Ալի Խամենեի. «Հետընտրական ցույցերի ղեկավարների կապը Արեւմուտքի հետ ապացուցված փաստ չէ»

Ալի Խամենեի

«Ես չեմ մեղադրում հետընտրական ցույցերի ղեկավարներին օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Ես չեմ հավատում, որ նրանք Միացյալ Նահանգների ու Մեծ Բրիտանիայի կամակատարներն են», - չորեքշաբթի երեկոյան Թեհրանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:
«Հետընտրական իրադարձությունների կազմակերպիչների կապն օտարերկրացիների հետ ինձ համար գոնե ապացուցված փաստ չէ: Այլ հարց է, որ հունիսին տեղի ունեցած իրադարձությունները նախապես էին ծրագրված` անկախ նրանից, կռահում էին այդ մասին ընդդիմության ղեկավարները, թե ոչ», - ասել է Ալի Խամենեին:

Իրանի հոգեւոր առաջնորդը իր այս ելույթում, փաստորեն, կասկածի տակ է առնել հետընտրական իրադարձությունների պաշտոնական վարկածը. արդեն երրորդ ամիսն է, ինչ պետական հեռուստատեսությունն ու իշխանամետ մյուս լրատվամիջոցները չեն դադարում պնդել, որ նախագահության նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին եւ նրա կողմնակիցները Արեւմուտքի գործակալներ են:

Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Խամենեին չի հերքել, որ պետական մարմինները որոշ դեպքերում առանց լուրջ պատճառի ուժ են կիրառել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ: Այսպես, խոսելով ոստիկանների` Թեհրանի համալսարանի հանրակացարանի վրա հունիսին իրականացրած արյունալի հարձակման մասին, Խամենեին հայտարարել է. - «Այս առթիվ հատուկ քրեական գործ էր հարուցվել: Եվ կարող եմ ձեզ հավատացնել, որ մեղավորները, անկախ պետական համակարգում նրանց զբաղեցրած դիրքից, արդեն իսկ պատժվել են»:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմնակիցների դեմ բանտերում կիրառվող բռնությունների` կտտանքների ու բռնաբարությունների մասին վերջին շաբաթներին շրջանառվող լուրերին, ապա Իրանի հոգեւոր առաջնորդը չի բացառել, որ նման դեպքեր կարող էին լինել: «Սա շատ նուրբ հարց է, եւ դատական համակարգը չպետք է այս հարցը քննելիս որպես հիմք ընդունի պտտվող լուրերը: Եթե նույնիսկ դրանց որոշակի մասը հաստատվում է, միեւնույն է, դատական որոշման հիմքը պետք է լինեն անհերքելի ապացույցները», - հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդը: