Հանքարդյունաբերությունը վերսկսեց արտահանումը

Պետությունը անցած տարեվերջին ստիպված էր որոշակի աջակցություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին` աշխատուժը չկորցնելու համար, սակայն այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանի արդյունաբերությունը մոտ 12% անկում ապրեց՝ կապված հենց այս ոլորտի ձեռնարկությունների պարապուրդի հետ։

«Ե'վ Ագարակի կոմբինատն է մեզ արտադրանք տալիս եւ մենք արտահանում ենք, ե'ւ Քաջարանի կոմբինատն է տալիս, ե'ւ Ալավերդին է իր պղինձն էլի արտահանում: Գների մի փոքր աճ տեղի ունեցավ, ինչը հնարավորություն տվեց այդ կազմակերպություններին ստաբիլ աշխատել: Արդեն աշխատում են ու աշխատում են շահույթով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: - «Եթե Ագարակի կոմբինատի արտադրանքը արդեն Չինաստան է արտահանվում, պետք է ասել, որ մարդիկ աշխատում են»:

Արտահանումը վերսկսելու մասին տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը:

«Մենք սկսել ենք աշխատել ապրիլ ամսից», - ասաց նա՝ արտահանումը սկսելու ժամկետների մասին հարցին էլ արձագանքելով. - «Կոնկրետ օր շատ դժվար է ասել, որովհետեւ աշխատանքները սկսվում են, հետո որոշ քանակի կոնցենտրատ է հավաքվում եւ այդ կոնցենտրատը արտահանվում է»:

Ինչ վերաբերում է շահույթներին, ապա, ըստ Տեր-Մարտիրոսյանի, 2006 թվականից՝ ընկերության հիմնադրումից ցայսօր աշխատում են վնասով. - «Դա պայմանավորված է նրանով, որ այն ներդրումները, որը սեփականատերը արել է, դեռ չեն արդարացվել»:

Այս ամիս ավելի վաղ գունավոր մետաղների գնի աճի պայմաններում արդյունաբերության շարունակվող անկման վերաբերյալ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք էր հայտնել, որ հանքարդյունաբերության ոլորտում համատարած մենաշնորհներ են, որոնց սեփականատերերը ակնկալում են գերշահույթներ, ուստի միջազգային ցածր գների պայմաններում դիտավորությամբ չեն աշխատացնում հանքերը:

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով, կառավարությունը հունիսի վերջին որոշեց պետբյուջեից ընդհանուր առմամբ 44 միլիոն դոլարի վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» «Արմենիա մոլիբդեն փրոդաքշըն» եւ “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ընկերություններին։

Վերջինիս սեփականատեր “ԳեոՊրոՄայնինգ” խմբի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը հունիսի 30-ին վերսկսել է իր գործունեությունը եւ միանգամից հասել նախատեսված արտադրական հզորության` 240 տոննա պղնձի հանքանյութի արդյունահանման։ Ընկերությունը Եվրոպա է արտահանում ամսական 2,5 հազար տոննա պղնձի խտանյութ եւ 30 տոննա մոլիբդեն։

Ռուզաննա Գրիգորյանը փոխանցմամբ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները։ Այժմ կոմբինատի աշխատակիցների թիվը 900 է։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր այս տարվա փետրվարից։ Կոմբինատի աշխատանքների կանգնեցման պահից 500 աշխատակիցները լրիվ ծավալով ստանում են իրենց աշխատավարձը, 400 մարդ գտնվում էր հարկադիր պարապուրդում ու վարձատրվում է աշխատավարձի 2/3-ի չափով։

Պղնձի գինը միջազգային շուկայում կտրուկ անկում ապրեց անցած տարվա հոկտեմբերից` 8 հազար դոլարից մինչեւ 3-3,5 հազար դոլար մեկ տոննայի համար։ Այսօր միջազգային շուկայում պղնիձը գինը մոտեցել է 6300 դոլարի սահմանին։