Փորձագետի կարծիքով` ԱԺ-ում հավատարմագրման նոր կարգը ուղղված է խոսքի ազատության դեմ

Ազգային ժողովում հավատարմագրման նորացված կարգի որոշ դրույթներ սահմանափակում են լրագրողների գործունեությունը եւ ուղղված են խոսքի ազատության դեմ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա մատնանշեց նորացված կարգի մասնավորապես 17-րդ եւ 18-րդ կետերը, որոնցով սահմանված է լրագրողի հավատարմագրման մերժման եւ վաղաժամկետ դադարեցման կարգը:

«Զանգվածային լրատվության մասին օրենքում ընդամենը մեկ կետով է նշված` երբ կարելի է դա մերժել, իսկ կարգում, փաստորեն, է'լ ավելի են գնացել, քան թույլ է տալիս օրենքը, եւ տարբեր պատճառաբանություններով մերժումների հիմքերը ավելացրել են, եւ դա, չեմ կարծում, որ բխում է խոսքի ազատության շահերից», - ասաց Աշոտ Մելիքյանը:

Ըստ 18-րդ կետի 3-րդ ենթակետի` լրագրողի հավատարմագրումը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե «նա տարածել է Ազգային ժողովի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»:

«Ընդ որում, ներքեւը արդեն դա ասվում է, որ տվյալ լրատվամիջոցը չի կարողանա, իրավունք չի ունենա այլ լրագրողի հավատարմագրել», - նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը` մանրամասնելով. - «Միգուցե դեմոկրատական երկրների, զարգացած դեմոկրատիաների համար սա նորմալ պահանջ կարող է դիտվել, բայց Հայաստանում, որտեղ դատական համակարգը դեռ չի կայացել, եւ ե'ւ գործադիր, ե'ւ օրենսդիր իշխանությունները ուզեցած որոշում կարող են անցկացնել դատարաններում` ազդելով դատավորների վրա, այս պարագայում կարելի է ենթադրել, որ ցանկացած քննադատություն, որը դուր չի գա այսօրվա տարբեր պատգամավորների կամ Ազգային ժողովի ղեկավարությանը, նրանք կարող են դա բողոքարկել դատարանում, կարելի է ենթադրել, որ շատ հանգիստ կապացուցվի, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ոչ միայն տվյալ լրագրողը, այլ նաեւ ամբողջ լրատվամիջոցը կզրկվի Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման հնարավորությունից»:

Նորացված կարգի ամբողջ ոգին այնպիսին է, կարծես Ազգային ժողովը մեծահոգություն եւ լավություն է անում լրատվամիջոցներին եւ լրագրողներին` նրանց հավատարմագրելով` լուսաբանելու Ազգային ժողովի աշխատանքները, - տարակուսանք հայտնեց Աշոտ Մելիքյանը: «Այնպիսի կարգ է հաստատվել, երբ միշտ պետք է լրագրողը հետ նայի, զգուշանա չափից ավելի, որ հանկարծ որեւէ պատգամավորի կամ խմբակցության չվիրավորի», - ընդգծեց նա:

«Սա իրենց որոշումն է, իրենց իրավունքն է` կարգ ստեղծել, ուղղակի այդ կարգը պետք է նպաստի խոսքի ազատությանը եւ ոչ թե խոչընդոտի», - ամփոփեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: