ՀԿ-ները պահանջում են դադարեցնել Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը

Մարիամ Սուխուդյանի աջակիցների բողոքի ցույցը:

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ՝ Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի Հայաստանի անդամները, այսօր հրապարակած համատեղ հայտարարությամբ Հայաստանի իշխանություններից պահանջում են «անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ»:
«Հայաստանի իշխանությունները իրենց բնորոշ մեթոդներով` հիմնվելով իրավապահ մարմինների եւ դատական իշխանության վրա, որոնք աներկբա կատարելով վերեւից եկող յուրաքանչյուր հրաման, շարունակում են վախեցնելու եւ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությունը իրենց համար ոչ ձեռնտու քաղաքացիների նկատմամբ», - գրում են հայտարարության հեղինակները: - «Բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկի` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդման հանգամանքը անհանդուրժողականության քաղաքականության եւս մեկ վառ դրսևորում է այլակարծության նկատմամբ»:

Թվով 9 հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ Հելսինկյան ասոցիացիան, «Ասպարեզ» լրագրողական ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, պահանջում են «անհապաղ դադարեցնել քրեական գործը Մարիամ Սուխուդյանի նկատմամբ», կոչ են անում իրավասու մարմիններին «անհապաղ պատժել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական գործ հարուցած մեղավորներին» եւ դիմում են միջազգային կազմակերպություններին՝ խնդրելով «աջակցություն ցուցաբերել» իրենց պահանջներին եւ «ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ»: