Արծվիկ Մինասյանը «անբավարար» է գնահատում նախաքննական մարմնի աշխատանքը «Մարտի 1»-ի գործով

«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցում հարցականներ են մնալու 10 հոգու մահվան հանգամանքների առնչությամբ։ Հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը դրանում մեղադրում է նախաքննական մարմնին։ ԼՐԱՑՎԱԾ
«Հանձնաժողովի գնահատականը մահվան հանգամանքների պարզման հարցում 99 տոկոսով կախված է նախաքննական մարմնի վարքագծից, եւ եթե այն չի դրսեւորել անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը, կամ կամքը՝ հանձնաժողովը չի կարող արձանագրել այլ բան, քան այն, որ մեզ չի հաջողվել պարզել», - ասաց Մինասյանը, հավելելով. - «Ես չեմ ուզում գնահատել նախաքննական մարմնի կարողունակությունը։ Ես, որպես հանձնաժողովի անդամ, գնահատում եմ իր աշխատանքը անբավարար»։

Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների զեկույցներում ամրագրված փաստերը, Մինասյանը «վարկածներ» անվանեց. - «Յուրաքանչյուր մոտեցում վարկած է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հերքվել։ Մենք չենք կարող մեղադրել կոնկրետ անձի այնքան ժամանակ, քանի դեռ չկան բավարար ապացույցները եւ հիմքերը այդ անելու համար, իսկ այս պայմաններում պարզապես հնարավոր չէ դա պնդել»։

Մինասյանի գնահատմամբ, Փաստահավաք խումբը չի կարողացել լուծել իր առջեւ դրված խնդիրները. - «Արդյունքը՝ այն, ինչ որ Փաստահավաք խումբ կոչված հասկացությունը տվեց, կարծում եմ շատերիդ համար անակնկալ էր՝ բացասական առումով»։

Այդուհանդերձ, պատգամավորը հույս հայտնեց, որ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը բավարարելու է հասարակությանը. - «Որովհետեւ այն գնահատականները, որոնք մենք նաեւ տվել ենք ընթացքում թե' ոստիկանական գործողությունների հետ կապված, թե' նաեւ առաջարկություններով հանդես գալու ընթացքում, կարծում եմ, որ բավական օբյեկտիվ գնահատականներ եղել են»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ հանձնաժողովը անդրադառնալու է մարտի 1-ի առավոտյան լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին, թեեւ չցանկացավ դա անվանել «իշխանության կողմից հրահրված»:

«Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, վերցվել են տեսաժապավենները եւ չեն վերադարձվել մինչեւ հիմա... Հանձնաժողովը բազմաթիվ անգամ դիմել է թե' ոստիկանությանը, թե' անվտանգությանը: Որեւէ տեսանյութեր չկան... Ոստիկանությունը տվել է ընդամենը մեկ տեսանյութ, եւ ասվել է, որ միայն դա է», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը, հակադարձելով իրենց փաստերը «վարկած» որակող հայտարարություններին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հանձնաժողովը պարզապես չի ցանկանում դրանք ընդգրկել իր եզրակացության մեջ։

«Փաստահավաք խմբի երեք զեկույցներում շարադրված են միայն փաստեր։ Եթե այդ փաստերը չեն հերքվում, դա պարտադիր պետք է ներառվի իրենց զեկույցի մեջ։ Եթե չի ներառվում, նշանակում է կան անհաղթահարելի խոչընդոտներ հանձնաժողովի կողմից. ցանկալի չէ, երեւի, հանձնաժողովի համար, որպեսզի այն փաստերը, որոնք ներառված են մեր զեկույցների մեջ, ներառված լինեն նաեւ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցում», - կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։