Ջրասուզակները փորձում են հայտնաբերել Սայանո-Շուշենսկայա ՀԷԿ-ի աղետից փրկվածներին

Ջրասուզակները, ռոբոտների օգնությամբ, վերջին ճիգերն են գործադրում երկուշաբթի Ռուսաստանի Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հնարավոր փրկվածներին հայտնաբերելու ուղղությամբ։

Առայժմ չպարզված հանգամանքներում տեղի ունեցած վթարից զոհվել է 13 մարդ, 62-ը անհայտ կորած են։ Ենթադրվում է, որ նրանք կարող են մնացած լինել ՀԷԿ-ի ջրասույզ եղած բաժանմունքներում։

Խորհրդային Միության ժամանակաշրջանում կառուցված Սայանո-Շուշենսկայա հիդրոէլեկտրակայանը Ռուսատանում ամենախոշորն էր։ ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերությունը հայտարարել է, որ կայանի վերջնական վերականգնման համար առնվազն 4 տարի է անհրաժեշտ լինելու։