Աղետված Թեհրան-Երեւան չվերթի զոհերի հարազատներին փոխհատուցում առայժմ չի տրվել

«Տու-154» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները Ղազվինում, 16-ը հուլիսի, 2009թ.

Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի՝ հուլիսի 15-ին աղետի հետեւանքով զոհված ուղեւորների ընտանիքները Caspian Airlines ընկերության խոստացած 32 հազար եվրո փոխհատուցումը առայժմ չեն ստացել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընկերության ներկայացուցիչ Բելլա Գեւորգյանը։

«Դեռ չեն ստացել, որովհետեւ թղթերը նոր են բերել։ Փաստաթղթային հարցերն է կարգավորվում։ Երբ կարգավորվի, միանգամից կփոխանցվի այդ գումարը», - հայտնեց Բելլա Գեւորգյանը, պարզաբանելով, որ ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան։

Caspian Airlines ընկերության ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ Իրանում փոխհատուցում նույնպես որեւէ մեկը առայժմ չի ստացել։

Վթարի կապակցությամբ ստեղծվել էր կառավարական հանձնաժողով, որը գլխավորում էր փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե առայժմ ընթանում է ժառանգների եւ իրավահաջորդների ճանաչման գործընթացը. - «Նոտարական համապատասխան ձեւակերպումներից հետո փոխհատուցման գործընթացը սահմանված կարգով կսկսվի աղետից 6 ամիս անց։ Աղետի ենթարկված ինքնաթիռում զոհված Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացիների ընտանիքներին կառավարության Պահուստային ֆոնդից հատկացվել է 1,5 միլիոնական դրամ պետական աջակցություն։ Գումարը զոհվածների ընտանիքին հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանում, հենց այն պահին, երբ զոհվածների մասունքները տեղափոխում էին»։

Անդրադառնալով վթարի պատճառների ուսումնասիրությանը՝ Հայթայանը մանրամասնեց. - «Սեւ արկղերը դեռեւս վերծանման փուլում են։ Հաստատվել է այն տեղեկատվությունը, որ թռիչքից առաջ ինքնաթիռը Մինվոդիում ամբողջական տեխզննում է անցել եւ գտնվել է գերազանց վիճակում։ Պարզվել է, որ ինքնաթիռի շարժիչը խափանվել է հենց թռիչքի պահին, բայց դեռեւս հայտնի չէ ինչ պատճառով»։