Աբդուլա Օջալանը հրապարակում է քրդական խնդրի խաղաղ լուծման իր տարբերակը

Թուրքական մի շարք պարբերականներ այսօր տեղեկություններ են հրապարակել քրդական խնդրի լուծմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մասին, որի հեղինակն է Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանը։
1999 թվականից Իմրալի կղզու բանտում գտնվող Օջալանի հեղինակած ծրագիրը մասամբ կրկնում է բարեփոխումների այն փաթեթը, որը, ըստ թուրքական որոշ աղբյուրների, մշակել են Էրդողանի կառավարությունում։ Մասնավորապես, ըստ «Վաթան» օրաթերթի, երկու նախագծերում էլ առաջարկվում է բարեփոխել Թուրքիայի Սահմանադրությունը, լուծարել Անկարային հավատարիմ քրդերից կազմված ջոկատները, որոնք թուրքական բանակի հետ համատեղ 80-ականներ կեսերից պայքարում են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ։

Օջալանի նախագծով նաեւ առաջարկվում է համաներում հայտարարել` քրեական պատասխանատվության չենթարկելով այն քրդերին, ովքեր զենքը ձեռքին պայքարում են թուրքական իշխանությունների դեմ։ Օջալանը նաեւ առաջարկում է, որպեսզի Թուրքիայի քրդերն ու պաշտոնական Անկարան որոշակի փոխադարձ պարտավորություններ ստանձնեն։

Թուրքական մեկ այլ հեղինակավոր պարբերական` «Ռադիկալ»-ը, մի շարք հատվածներ է մեջբերում Օջալանի ծրագրից։ Քուրդ անջատականների առաջնորդը մասնավորապես գրում է. - «Մի կողմից կլինի թուրքական պետությունը, մյուս կողմից` քրդական դեմոկրատական ազգը։ Այս երկուսը փոխադարձաբար կճանաչեն միմյանց գոյությունը»։

Բացի այդ Օջալանը պաշտոնական Անկարային կոչ է անում պայմաններ ստեղծել «քրդերի կրթական իրավունքները պահպանելու, քրդական պառլամենտարիզմի գոյության համար»։ Օջալանը նաեւ առաջարկել է հնարավորություն տալ քրդերին ստեղծելու սեփական զինված կազմավորումները` ներքին կարգուկանոնը պահպանելու նպատակով։

Օջալանի համոզմամբ, իր հեղինակած նախագիծը «նոր մոտեցում է քրդական խնդրին` զերծ բոլոր տեսակի կարծրատիպերից»: «Ռադիկալ»-ը մեջբերում է Օջալանի հետեւյալ կարծիքը. - «Քրդական խնդիրը հնարավոր է լուծել կես տարում` եթե թուրք ազգայնականները, նախեւառաջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը չխանգարեն այդ գործընթացին»: