«Ոսկե ծիրան»-ը շարունակվում է անիվների վրա

«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցած ֆիլմերի մի մասը՝ «Ոսկե ծիրանը՝ անիվների վրա» խորագրով կինոփառատոնի շրջանակներում օգոստոսին կցուցադրվեն Ջավախքում, Արցախում, իսկ աշնանը՝ Հայաստանի մարզերում:
«Երեք տարի առաջ բացեցինք «Ոսկե ծիրանը՝ անիվների վրա» փառատոնը, որովհետեւ, ինչպես գիտեք, շրջանները բոլորովին աղքատ են ինֆորմացիայից: Իսկական կինո տեսնելու, կինոն էկրանի վրա նայելու հաճույքից զրկված են» - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: - «Հատկապես հեռավոր մարզերը բավականին ծանր վիճակում են այդ հարցով»:

Արդեն երրորդ անգամ կինոփառատոնը Ջավախքում տեղի է ունենալու միայն Ախալքալաքում: Խաչատրյանը, սակայն, հավաստիացրեց, որ հաջորդ տարվանից կինոդիտումները կկայանան նաեւ Վրաստանի այլ հայաբնակ վայրերում:

«Ոսկե ծիրանը՝ անիվների վրա» կինոփառատոնին մասնակցում են նաեւ վրաց կինոգործիչները: Ցուցադրվելու են նաեւ վրացական ֆիլմեր, եւ, իհարկե, կցուցադրվի այս տարի «Ոսկե ծիրան»-ի գլխավոր մրցանակին արժանացած Գեորգի Օվաշվիլու «Ուրիշ ափ» գեղարվեստական ֆիլմը:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ում խոսքով, Ջավախքի հայությունը այսօր «ավելի շատ մշակութային աջակցության կարիք ունի, քան նյութական»:

«Հոգեւոր սննդի պակասը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ», - հավելեց նա:

Մելքոնյանը հարկ համարեց անդրադառնալ նաեւ Հայաստան – Վրաստան հարաբերություններին եւ Ջավախքի տեղին այդ հարաբերություններում. - «Ջավախքը կարող է ոչ թե ջրբաժան հանդիսանալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, այլ ընդհակառակը՝ կարող է, իրոք, բարեկամության կամուրջ հանդիսանալ: Սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Երբեք Ջավախքը չի կարող թշնամության, ջրբաժանի դեր կատարել Հայաստանի ու Վրաստանի միջեւ: Մի բան, որ երկուստեք՝ Հայաստանը եւ Վրաստանը, այդ հանգամանքը չհասկանալով, չգիտես ինչու, մի կողմից Ջավախքն ընկալվում է որպես հոգս, մյուս կողմից՝ որպես անջատողականության, սեպարատիզմի շրջան»: