Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ սահմանը կվերաբացվի

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով, գալիք աշնանը լուրջ տեղաշարժեր չեն լինի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, փոխարենը, ըստ պատգամավորի, հիմնական իրադարձությունը լինելու է միջազգային հանրության եւ, առաջին հերթին, Միացյալ Նահանգների ճնշման ներքո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: ԼՐԱՑՎԱԾ
«Սահմանը կվերաբացվի, եւ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին կմեկնի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Սաֆարյանը: - «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, [ԱՄՆ-ի] Կոնգրեսում առաջ է քաշվել այդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման: Սա նշանակում է, որ Թուրքիան հայտնվելու է լուրջ ճնշումների տակ՝ կամ բացել բացել սահմանը եւ գնալ քայլ առաջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, կամ Միացյալ Նահանգների կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս կտրվածքով, ես կարծում եմ, որ Թուրքիան կընտրի սահմանը բացելու ճանապարհը»:

Ամերիկացի 82 կոնգրեսականներ հուլիսի 30-ին նամակ են հղել Բարաք Օբամային՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու իր հանձնառությունից Թուրքիայի նահանջի վրա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի կողմից մի քանի անգամ արված հայտարարությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ Ղարաբաղյան կարգավորումը տարբեր գործընթացներ են, սակայն առաջընթացը մեկում, նշանակում է առաջընթաց նաեւ մյուսում, առաջին հերթին ուղղված է հենց պաշտոնական Անկարային:

«Այդ հայտարարությունը պատահականորեն չի արված: Դա արված է որպես մեսիջ Թուրքիային, ով անթաքույց փորձեր է մշտապես կատարել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա ազդելու առումով: Իրենք պարզապես շատ գրագետ հասկացնում են՝ շատ ես ուզում ազդել Ղարաբաղյան գործընթացի վրա, ապա սկսիր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից», - ասաց Ստեփան Սաֆարյանը:

Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով, կոնգրեսականների ճնշումը Բարաք Օբամայի վրա է, նրանք պահանջում են, որպեսզի Սպիտակ տունը Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկի իբրեւ անջատ խնդիրներ: Ուստի Մանոյանը հիմք չի տեսնում կարծելու, թե այդ ճնշման հետեւանքով ինչ-որ քայլերի կգնա:

«Չի բացառվում նաեւ, որ Թուրքիան ինչ-որ քայլերի պիտի դիմի», - այդուհանդերձ, ասաց նա՝ պարզաբանելով. - «Որովհետեւ Թուրքիայի համար այս գործընթացը ինքնին կարեւոր է՝ աշխարհին ասելու, որ տեսեք, մենք Հայաստանի հետ բանակցում ենք, խնդրում ենք, դուք չխառնվեք: Եվ ուրեմն՝ Թուրքիան ամեն կերպ պիտի փորձի այս բանակցությունների իմիտացիան պահելու ձեւ գտնել եւ շատ հավանական է, որ ինչ-որ բաներ փորձի: Բայց դա լուրջ տեղաշարժ չեմ համարում»:

Մանոյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը համոզված է, որ Սերժ Սարգսյանը այսօր արդեն պետք է հայտարարի գործընթացի կասեցման մասին, քանի որ մինչեւ հոկտեմբեր Թուրքիան չի վերաբացի սահմանը: Փոխարենը, ըստ նրա, հոկտեմբերի սկզբին Թուրքիան կփորձի որպես առաջընթաց ներկայացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կառավարությունների մակարդակով համաձայնագրի ստորագրումը, իսկ Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո կտապալի դրա վավերացումը խորհրդարանում:

Դաշնակցությունը կոալիցիայից դուրս էր եկել վարվող արտաքին քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով: Հարցին, թե դրանից հետո արդյո՞ք այդ ոլորտում կան իրենց համար դրական միտումներ, Մանոյանը արձագանքեց. - «Այսօր նկատում են, որ ինչ-որ ճիշտ ուղի վերադառնալու միտում կա... Մենք ասում էինք ապրիլին այն, ինչ հիմա նախագահը ասում է, որ կանի հոկտեմբերին»: