Սեպտեմբերին կմեկնարկի երրորդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնին, որը այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 11-ից եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 23-ը, կմասնակցեն բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ ամբողջ աշխարհից:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ փառատոնը կսկսվի Կիմ Քաշքաշյանի մենանվագով, որը կկատարի Տիգրան Մանսուրյանի ալտի կոնցերտը:

Հրավիրված երաժիշտների թվում են նաեւ Վոլֆգանգ Մայերը (Գերմանիա), Ֆրանսուա Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), Բորիս Բելկինը (Բելգիա):

«14 համերգ է նախատեսվում փառատոնի շրջանակներում, եւ ունենալու ենք 18 մենակատար», - փոխանցեց Սիրունյանը:- «Ունենալու ենք նաեւ վարպետության դասեր եւ կամերային համերգներ, որտեղ հանդես կգան նաեւ երեւանյան մենակատարները»:

Խոսելով փառատոնի կազմակերպման հետ կապված դժվարությունների մասին, Ռուզան Սիրունյանը նշեց, որ դժվարություններ, անշուշտ, ունեն, սակայն հավելեց. - «Պետք է ասեմ, որ փառատոնը անցնում է նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո եւ մշակույթի նախարարության հետ համատեղ... Եթե չլինի նաեւ գործարար աշխարհի հովանավորությունը, ուղղակի անհնարին է իրագործել այս նախագիծը»: