ՀԱԿ-ը բողոքի նոր ալիք է պատրաստում

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բողոքի նոր ալիք է բարձրացնելու «ե՜ւ երկրի ներսում, եւ դիվանագիտական, միջազգային կառույցներում»:
«Փաթեթ ենք պատրաստում եւ բողոքի նոր ալիք ենք բարձրացնելու ե՜ւ երկրի ներսում, եւ դիվանագիտական, միջազգային կառույցներում, Եվրոպայի խորհրդում», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի 21 քաղբանտարկյալները, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվողները կարողանան ազատ ապրել իրենց երկրում: Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել [հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր] Խաչատուր
Սուքիասյանի պարագան»:

Խոսելով անցած շաբաթվանից մեկնարկած՝ ՀԱԿ-ի ղեկավարների մարզային այցելությունների մասին՝ Զուրաբյանը կրկին նշեց, որ դրանց նպատակը, առաջին հերթին, դեռեւս անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին բարոյական աջակցություն ցույց տալն է: Իսկ հարցին, թե արդյո՞ք դա նաեւ քարոզարշավ չէ, եւ արդյո՞ք ընդդիմությունը արտահերթ ընտրությունների հեռանկար է տեսնում, ՀԱԿ-ի համակարգողը պատասխանեց. - «Ե՜վ ժողովուրդը, ե՜ւ տեղական կառույցները [այցերի շրջանակներում անցկացվող հանդիպումենրի ընթացքում] մեր առջեւ խնդիր են դնում ակտիվացման: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, դրանք միակ միջոցն են իշխանության լեգիտիմությունը վերականգնելու»:

Ի պատասխան հարցին, թե ինչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ օրերս հայտարարեց, թե աշնանը իրավիճակը երկրում փոխվելու է, Զուրաբյանը հնչեցրեց իր անձնական կարծիքը. - «Վստահ եմ, որ Հայաստանը հայտնվել է բազմաթիվ մարտահրավերների առջեւ՝ ներառյալ տնտեսական ճգնաժամը, Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունները, Ադրբեջանի հզորացումը, եւ ադեկվատ պատասխան ոչ լեգիտիմ եւ կոռումպացված իշխանությունները չունեն այդ մարտահրավերներին»:

Նա համոզմունք հայտնեց, որ գալիք աշնանը «բոլորի համար ակնհայտ է դառնալու այս ռեժիմի լիակատար ձախողումը». - «Այն ճանապարհը, որով այսօր գնում է Հայաստանի Հանրապետությունը, դա պարտության ճանապարհ է, եւ միայն մեկ ելք կա: Դա այն է, որ Հայաստանում ժողովուրդը ոտքի կանգնի»:

«Կարճ ասած՝ լուծումը այս օլիգարխիկ, փչացած, Հայաստանին խեղդող համակարգի վերացման մեջ է: Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ նպատակի իրականացմանը հասնենք», - հավելեց նա:

Աշնանը «լուրջ քաղաքական զարգացումներ են կանխատեսում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունում:

«Խիստ կանխատեսելի են լուրջ զարգացումներ աշնանը՝ հիմնականում կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը: - «Մինչեւ հիմա, ըստ էության, բանակցային գործընթացը գաղտնազերծված չէ, ինչից ելնելով կանխատեսելի է, որ կլինեն ինտենսիվ, ներհասարակական առաջին հերթին զարգացումներ»:

Հարցին, թե կարող է իրավիճակը հանգեցնել արտահերթ նախագահական ընտրությունների, Խաչատրյանը պատասխանեց. - «Ինչի ասեք, իրավիճակը կարող է բերել, որովհետեւ սա ամենաճակատագրական խնդիրներից մեկն է»: