Օգոստոսի 5-ի մամուլ

«Հայոց Աշխարհ»-ը, դատողություններ անելով Հայաստան - Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ, գրում է. - «Զարմանալի ոչինչ չկա, որ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ գրեթե միակարծիք են, թե Հայաստան - Թուրքիա «ֆուտբոլային դիվանագիտության» վերջնահաշիվը ձեւակերպելու է հենց Հայաստանի նախագահը: Նրանց կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որով նա մեկ անգամ եւս հաստատեց միայն բաց սահմանով Թուրքիա մեկնելու իր մտադրությունը, կարող է էական նշանակություն ունենալ այս «ճակատամարտի» ելքի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը հրաժարվի Թուրքիա մեկնելուց, բոլորին էլ պարզ կդառնա, որ թուրքական կողմը չի հարգում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման իր պարտավորությունը»:

Կանխատեսելով առաջիկա տարածաշրջանային եւ ներքաղաքական զարգացումները՝ «Հրապարակ»-ը գրում է. - «Առջեւում հոկտեմբերին նախատեսված վճռորոշ հանդիպումն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին նոր փորձություն է սպասվում: Իսկ աշնանը, որպես կանոն, Հայաստանում ակտիվանում է ընդդիմությունը: Հավանաբար՝ նոր քաղաքական ակցիաներ կլինեն, բողոքի նոր դրսեւորումներ: Եվ եթե տնտեսական, աշխատանքային եւ կենցաղային դժգոհությություններին գումարվի նաեւ արտաքին քաղաքական լուծումների հետ կապված դժգոհության ալիքը, ապա կարելի է ասել, որ մեր իշխանությունների դժվարին օրերը դեռ առջեւում են: Օգոստոս-սեպտեմբեր ամիսները, թերեւս, համեմատաբար խաղաղ ամիսների են լինելու: Եվ այս ընթացքում արժե պատրաստվել նոր քաղաքական զարգացումների: Ընդդիմությունը պետք է իր մարտավարությունը մշակի, իսկ իշխանությունը՝ փորձի քաղաքական դիվիդենտներ կուտակել»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում պատգամավոր Գագիկ Մելիքյանը (ՀՀԿ), հակադարձելով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու՝ «Ժառանգություն» կուսակցության կոչին, ասում է. - «Անհրաժեշտ քաղաքական գիտելիքների պարագայում շատ հեշտ է հասկանալ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ժամանակավրեպ է։ Դա պետք էր անել այն ժամանակ, երբ չկար հակամարտությունը կարգավորելու բանակցային գործընթաց։ Դա հենց այն փուլն է, երբ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց նա այն ժամանակ նման առաջարկ չի ներկայացրել։ Հիմա Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը։ Դժվար չէ գիտակցել, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ճանաչելու հարց բարձրացնելը հակասում է հիմնախնդրի խաղաղ բանակցային եղանակով կարգավորելու սկզբունքին, որը մենք ընդունել ենք։ «Ժառանգության» ժամանակավրեպ առաջարկը եթե դառնար խորհրդարանական քննարկման հարց, հակասություններ կառաջացներ ԵԱՀԿ-ի, համանախագահող երկրների եւ Հայաստանի միջեւ։ Քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, խիզախությունը պետք է բանականությամբ պայմանավորված լինի, այլապես այն չի կարող տղամարդկություն համարվել»։

«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը բացահայտում է. - «Ես կարծում եմ, որ ՀՅԴ-ն չի ցանկանում համագործակցել, որովհետեւ, բոլոր դեպքերում, ինքը 10 տարի օգտվել է իշխանական համակարգից, դարձել է այդ համակարգի մի մասը եւ այսօր էլ շարունակում է այդպիսին մնալ: Ի վերջո, դրա ամենավառ ապացույցը այն ցուցադրական շոուն էր, որ կազմակերպվել էր Ղարաբաղում (խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով Ստեփանակերտում համաժողովի անցկացման մասին է, որտեղ ՀՅԴ-ն պահանջեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը): Հետագայում պարզվեց, որ դա կազմակերպել էր իշխանությունը` հանձինս Սերժ Սարգսյանի եղբայրների: Ավելի կոնկրետ` դա ֆինանսավորել էր «Փյունիկ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամը` Սաշիկ Սարգսյանը: Այս տեղեկությունը բացահայտեց Ժիրայր Սեֆիլյանը, իսկ Կիրո Մանոյանը խոստովանեց, որ դա այդպես է: Այսինքն` ըստ էության, ՀՅԴ-ն դրանով իշխանության պահպանման գործիք է դարձել»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Թուրքիան ոչ միայն չի շտապում Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել, այլեւ կարծես սառեցրել է այդ գործընթացը։ Չնայած հայկական Էլեկտրաէներգիայի ներկրումը տնտեսապես ձեռնտու է երկու երկրին էլ, սակայն այն ավելի շատ քաղաքական հարց է դարձել: Հայաստանից Թուրքիա Էլեկտրաէներգիայի արտահանման բոլոր սկզբնաժամկետներն արդեն անցել են, եւ ներկայում այդ հարցում անորոշություն կա։ Տարեսկզբին հայտարարվում էր, որ արտահանումը պետք է սկսվի այս տարվա ապրիլից, բայց այդ ժամկետն անցավ, ու տեղաշարժ չարձանագրվեց»: Հոդվածագիրը հետեւյալ եզրահանգումն է անում. - «Էլեկտրաէներգիայի արտահանումը հայ-թուրքական առաջին բիզնես նախագիծն է, եւ ընկերություններն առաջ շարժվելու համար սպասում են, թե ինչ արդյունքներ կգրանցվեն քաղաքական հարթությունում»: