«Սողանք» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը էկրան կբարձրանա տարեվերջին

Տասը տարի առաջ լույս տեսած Վահրամ Մարտիրոսյանի «Սողանք» վեպը, որ արդեն թարգմանաբար լույս է տեսել 5-6 լեզուներով (այդ թվում՝ ադրբեջաներեն), ընկած է ռեժիսոր Միքայել Դովլաթյանի նույնանուն ֆիլմի հիմքում, որը էկրան կբարձրանա, ամենայն հավանականությամբ, այս տարեվերջին:
Միքայել Դովլաթյանը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ նախապես ֆլմը լինելու էր հայ-ռուսական համատեղ արտադրության, սակայն ինչ-ինչ պատճառներով դա ձախողվել է, եւ ֆիլմը, ի վերջո, նկարահանվել է Հայաստանի մշակույթի նախարարարության տրամադրած գումարներով եւ Ազգային կինոկենտրոնի միջոցներով:

Ֆիլմը, սցենարի հեղինակի ու ռեժիսորի խոսքով, մեր իրականության մասին է, այն իրականության, որը «գուցեեւ շատ մռայլ է, բայց որից չես փախչի եւ որը ոչ մի դեպքում չի կարելի գունազարդել»:

Վահրամ Մարտիրոսյանի խոսքով, գրքի ստեղծումից տասը տարի անց էլ, ցավոք, ոչինչ չի փոխվել. - «Նույն իրականությունում ենք ապրում: Սողանքը, փլուզելով տանում է ամեն ինչ՝ իր տակ թողնելով մեզ բոլորիս»: