Աֆղանստան գործուղվելիք հայաստանյան խաղաղապահների թիվը առայժմ քննարկվում է

Թեեւ Հայաստանը սկզբունքային համաձայնություն տվել է Աֆղանստան խաղաղարար զորախումբ գործուղելու ծրագրին, ՆԱՏՕ-ի բազմազգ ուժերի կազմում հայաստանյան մասնակցության մանրամասները՝ ձեւաչափը, զինծառայողների թիվը առայժմ չեն հստակեցվել։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեքշաբթի նշեց, թե պայմանավորվածությունը ձեռք է բերվել Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում. - «Սկզբունքային համաձայնություն մենք տվել ենք, բայց մնացածը դեռ քննարկման փուլում է։ Մենք ոչ ֆորմատն ենք որոշել, ոչ քանակը, ոչ ձեւաչափը։ Ոչ մի բան դեռ որոշված չէ, քննարկում են դեռ»։

«Խաղաղարար առաքելություններին մենք պարտավորվել ենք մասնակցել, եւ աշխարհում ընթացող բոլոր գործընթացների ոչ միայն սպառողը պետք է լինենք, այլեւ մասնակիցը», - հավելեց պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը։

Անցած շաբաթ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ Հայաստանը զորախումբ կուղարկի Աֆղանստան, հիմնականում` մատակարարման ու կապի մասնագետներ։

Այդուհանդերձ, զորախմբի գործուղման մասին վերջնական որոշում պետք է կայացնի Ազգային ժողովը։ 2004 թվականին, երբ Ազգային ժողովը արտահերթ նիստում որոշում էր կայացնում Իրաք հայ խաղաղապահներ գործուղելու վերաբերյալ, հարցը տարաձայնություններ էր առաջացրել. որոշմանը դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը եւ Դաշնակցությունը։ Վերջիններս մտավախություն էին հայտնել, որ դա կարող էր բացասաբար անդրադառնալ Իրաքի հայ համայնքի վրա։

Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը ժամկետից շուտ Իրաքից դուրս բերեց իր 46-հոգանոց գումարտակը, որի կազմում բժիշկներ էին, վարորդներ ու սակրավորներ։

Ներկայումս Հայաստանի խաղաղապահ գումարտակի մոտ 70 զինծառայողներ տեղակայված են Կոսովոյում։

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանի խոսքով, Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության հարցը նոր չէ եւ շուրջ 3 տարի շարունակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկումների ժամանակ բարձրաձայնել են այս մասին։

«Հայաստանը մի քանի անգամ այդ հարցը հետաձգել է՝ հաշվի առնելով տարբեր մարտահրավերներ։ Հիմա, եթե պաշտպանության նախարարը հայտարարել է այդ մասին, աշնանը արդեն ամեն ինչ պետք է տեսանելի լինի. թե՛ այն համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանը պետք է մասնակցի, թե՛ այն երկիրը, որը պետք է ընդունի հայկական ստորաբաժանումը իր զորամիավորման կազմում, եւ մնացած բոլոր ապահովման հարցերը», - կարծիք հայտնեց գեներալ Աղաբեկյանը։

Հարցին, թե ինչպես է Հայ հեղափոխական դաշնակցությունը վերաբերվում Աֆղանստան հայ խաղապահների հնարավոր գործուղմանը, պաշտոնաթող գեներալը արձագանքեց. - «Դաշնակցությունում երբեք չի քննարկվել այդ հարցը, որ հիմա ես տեսակետ բարձրաձայնեմ»։

Անկախ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ, ժամանակին Իրաք խաղաղապահներ գործուղելու շուրջ խորհրդարանական բուռն քննարկումները չազդեցին արդեն իսկ ընդունված որոշման վրա, քանի որ հրաժարվելու լուրջ հիմքեր չկային, կամ այդպիսիք չներկայացվեցին։

Աֆղանստանի դեպքում նույնպես, համոզված է փորձագետը, կայացվել է օպտիմալ որոշում. - «Օպտիմալ է այն իմաստով, որ չի փոխում Հայաստանի ռազմաքաղաքական պարտավորությունների համալիրի ընդհանուր պատկերը։ Մասնակցության ձեւը եւ կոնտինգենտի չափը թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը պահպանի միջազգային հակատեռորիստական օպերացիաների մասնակցության իր կարգավիճակը, բայց զերծ մնա հնարավոր փորձանքներից, որոնք կարող են դժգոհություններ առաջացնել երկրի ներսում, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայում»։

Մեհրաբյանի կարծիքով, Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը մասնակցությունը նաեւ բխում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության պահպանման շահերից. - «Որովհետեւ ի վերջո Հայաստանն ավարտեց իր առաքելությունն Իրաքում եւ Հայաստանում կա խաղաղարար ստորաբաժանում, որը, կարծում եմ, անգործ չպետք է մնա»։