Օդային ճանապարհով փոխադրվող ամենածանր առարկան կուղեւորվի Հայաստան

Երեւանի ջերմային էլեկտրակայանի համար նախատեսված 190-տոննանոց գեներատորը ամենածանր առարկան է, որ տեղափոխվելու է օդային ճանապարհով:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ` գեներատորը Հայաստան է փոխադրելու «Ան-225» ինքնաթիռը, որը կիրակի օրը թռչելու է Ֆրանկֆուրտից արեւմուտք գտնվող Հահն քաղաքի օդանավակայանից:

Գործակալությունը նշում է, որ օդային ճանապարհով ավելի ծանր բեռներ փոխադրվել են, սակայն դրանք բաղկացած են եղել մի քանի առարկաներից:

«Սա ամենամեծ եզակի առարկան է, որ երբեւէ փոխադրվում է օդային ճանապարհով», - ընդգծել են Հահնի օդանավակայանից:

Ըստ աղբյուրի, օդանավի վրա գեներատորի բեռնումը ժամեր է տեւելու, քանի որ արվելու է մեծ զգուշությամբ: