Հուլիսի 28-ի մամուլ

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մեր քաղաքական մշակույթը հիմնված է միմյանց մեղքերը «հիշեցնելու» վրա, որի նպատակը հետեւյալն է. ընդդիմախոսը պետք է սկսվի, ձայնը կտրի` հասկանալով, որ նա խոսելու տեղ ընդհանրապես չունի: Դուք կարծում եք` որեւէ մեկը Հայաստանում դա «գիտակցե՞լ» է: Իհարկե` ոչ: «Հիշեցման օբյեկտները», ի պատասխան, սկսում են սեւ բծեր փնտրել «հիշեցնողների» անցյալում եւ, իհարկե, գտնում են, որովհետեւ ոչ ոք իդեալական չէ: Դրան հետեւում է «պատասխանի պատասխանը», եւ արդյունքում ստացվում է ասիական բազար, որի ականատեսն ենք մենք բոլոր ոլորտներում»: «Իմաստ կա՞ խորանալու, թե ում «բարաթն» է ավելի զորեղ: Առանձնապես` ոչ: Երբ երեխաները կռվում են ինչ-որ խաղալիքի համար, անիմաստ է մանրամասն ճշտել, թե ով առաջինը ինչ ասաց եւ ով ինչ պատասխանեց: Արժե պարզապես հիշեցնել, որ կան ավելի կարեւոր բաներ», - ամփոփում է խմբագիրը:

«Իրավունք de factio»-ի հարցերին պատասխանել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Լրագրողը հարցնում է. - «Արտգործնախարարի հրաժարականը պահանջելը շահերի պաշտպանությա՞ն շրջագծում է, թե՞ իրոք քաղաքականության փոփոխության խնդիր է դրվում»: Պատասխան. - «Դա ՀՅԴ-ի սուվերեն իրավունքն է որպես քաղաքական ուժի: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության եւ ուժային կառույցների համար պատասխանատուն Սահմանադրությամբ նախագահն է, ուստի ՀՀ նախագահը պետք է հետեւություններ անի, թե ինչ քաղաքականություն պետք է վարի, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ունենա հասարակության վստահությունը, որը, չեմ կարծում, թե հիմա ունի: Սպասենք հետագա զարգացումներին... Սերժ Սարգսյանի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության շարունակությունն է: Ռոբերտ Քոչարյանի ակտիվ միջամտությամբ այս իշխանությունը ձևավորվեց: Նաեւ մարտի 1-ը հաշվի առնելով, պարզ է, որ զինված ուժերի նման զանգվածային գործողությունների ժամանակ հրաման կարող էր միայն նախագահը տալ. դա է ասում նաեւ Սահմանադրությունը: Հաշվի առնելով, որ այս իշխանությունը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի ճարտարապետությամբ ձևավորված մադրիդյան սկզբունքների քաղաքականությունը, հիշենք, որ Ռոբերտ Քոչարյանը հակամարտության լուծման ձգձգման կողմնակից էր»:

lragir.am-ը «Կարգավորման մասին մտածելու ժամանակ չկա» անդրադարձում գրում է. - «Հայաստանում ղարաբաղցիներին մեղադրում են պասսիվության մեջ: Մեղադրանքները կոնկրետ ու արդարացի են՝ ինչու է Ղարաբաղը թույլ տվել, որ նրան դուրս թողնեն բանակցային գործընթացից, ինչու չի վարում ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ինչու, երբ Մադրիդի սկզբունքները բացահայտվեցին, չի պահանջում իր իշխանության հրաժարականը Սերժ Սարգսյանի հետ միասին: Ղարաբաղը չի պատասխանում մեղադրանքներին: Թերեւս այն պատճառով, որ չի լսում դրանք: Երեկոյան նրանք հեռուստացույց են նայում. Ղարաբաղում կարելի է երեք ալիք նայել, առաջինը, երկրորդը եւ Արմենիան: Այդ ալիքներով ցուցադրում են նախարարների ու պատգամավորների, որոնք ասում են, թե հայկական կողմը վերջապես հասավ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Երեկոյան ժամը 6-ին նրանք միացնում են Արցախի հանրային հեռուստացույցը, որով ելույթ են ունենում ղարաբաղցի իշխանավորները եւ ասում, որ ոչ մի Ամերիկա առանց Ղարաբաղի մասնակցության ոչ մի հարց էլ չի լուծի, եւ մինչ հեռանկարային չինովնիկը չասի իր խոսքը, ոչ ոք չի համարձակվի հանձնել տարածքները: Ապագայի հանդեպ վստահությունն ամրապնդվում է, եւ չինովնիկը հանգիստ պառկում է քնելու»:

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ, ով ասում է. - «Միտինգներում հնչեցրած բանասիրական ելույթները որքանով էլ հագեցած լինեն քաղաքական տերմիններով, չեն կարող Արցախի հիմնախնդիրը լուծելու հիմք դառնալ։ Դրանք միայն կարող են խեղաթյուրել հասարակության մի մասի ընկալումները եւ կիսահեղափոխական տրամադրություններ առաջացնել։ Հասարակությունը, քաղաքական դաշտը այս փուլում անհրաժեշտաբար պետք է քաղաքական հասունություն դրսեւորի եւ բանակցությունները վստահի իրողություններին տեղյակ քաղաքական իշխանությանն ու պրոֆեսիոնալ դիվանագետներին։ Ի վերջո, փոխզիջումը տարածք տալը չէ, այլ խաղաղության ու անվտանգության երաշխիքներ ապահովելը»:

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Մեր քաղաքական մշակույթը հիմնված է միմյանց մեղքերը «հիշեցնելու» վրա, որի նպատակը հետեւյալն է. ընդդիմախոսը պետք է սսկվի, ձայնը կտրի՝ հասկանալով, որ նա խոսելու տեղ ընդհանրապես չունի: Դուք կարծում եք՝ որեւէ մեկը Հայաստանում դա «գիտակցե՞լ» է: Իհարկե՝ ոչ: «Հիշեցման օբյեկտները», ի պատասխան, սկսում են սեւ բծեր փնտրել «հիշեցնողների» անցյալում եւ, իհարկե, գտնում են, որովհետեւ ոչ ոք իդեալական չէ: Դրան հետեւում է «պատասխանի պատասխանը», եւ արդյունքում ստացվում է ասիական բազար, որի ականատեսն ենք մենք բոլոր ոլորտներում»: