Փաշինյանի պաշտպանները դիմելու են Եվրադատարան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Փաստաբանների համոզմամբ, իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու թե ընդհանուր իրավասության եւ թե վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները անօրինական են եւ ներկայացված պատճառաբանությունները՝ անհիմն:

«Այդ որոշմամբ խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, որոնք նախատեսված են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Նիկոլ Փաշինյանի փաստաբաններից Արա Զաքարյանը: - «Պաշտպանական կողմը արդեն իսկ աշխատում է գանգատի վրա՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, եւ մոտակա ժամկետներում այն արդեն կուղարկենք»:

Մինչ այդ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում նշանակվել է երկու փորձաքննություն:

«Նշանակվել են դատահոգեբանական եւ լինգվիստակական համալիր փորձաքննություն», - փոխանցեց Զաքարյանը: - «Ընդ որում՝ մեկ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն ուղղակի ցնցող էր»:

Պահպանելով նախաքննության գաղտնիությունը՝ փաստաբանը մանրամասներ չփոխանցեց՝ ներկայացնելով միայն հարցերից մեկը, որ նախաքննության մարմինն ուղղել էր փորձագետներին. - «Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից արված որոշակի արտահայտությունները կարող են իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր հանդիսանալ»:

Արա Զաքարյանի մեկնաբանությամբ, փորձագետներին ուղղված հարցադրումներով նախաքննության մարմինը, ըստ էության, «ուղղորդում է փորձագետներին՝ ցույց տալով, թե ինչպիսի պատասխան է ուզում ստանալ»:

«Եվ երկրորդը», - շարունակեց Զաքարյանը, - «որ ուղղակիորեն օրենքի պահանջի խախտում է՝ փորձագետներին խնդրում է տալ որոշակի գործողությունների իրավաբանական գնահատականներ»:

Պաշտպանական կողմը այսօր նախաքննական մարմնի որոշումների կապակցությամբ բողոք-դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին:

«Նախապես համոզված ենք, որ գլխավոր դատախազը այդ բողոքը չի բավարարի», - այդուհանդերձ ասաց Արա Զաքարյանը: