Արման Բաբաջանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի

Մոտ 15 օր է, ինչ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց: Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բաբաջանյանը պատմեց իր առողջական վիճակի մասին:
Նա ասաց, որ գտնվում է անկողնային վիճակում, ունենում է արյան ճնշման տատանումներ, պարբերաբար՝ ցնցումներ: Հուլիսի 10-ին նրան հետազոտել են «Նաիրի» բժշկական կենտրոնում:

«Ունենք պատկերը գլխուղեղի նկարահանման, եւ փաստորեն նախնակական պատկեր ունենք, որ «թրքական թամբի» ստորին հատվածում կա ուռուցք, որը պատճառ է հանդիսանում իմ բոլոր պրիստուպների», - փոխանցեց նա՝ հավելելով, որ օրվա ընթացքում մի քանի ներարկում է ստանում: - «Ըստ ամենայնի, նաեւ որոշում կկայացվի ստացիոնար պայմաններում բուժումը իրականացնելու համար: Որոշում է կայացվում անպայման վիրահատել գլխուղեղի այդ գոյացությունը»:

Բաբաջանյանը, սակայն, վերապահումով է մոտենում Հայաստանում իրեն վիրաբուժական միջամտության ենթարկելուն. - «Հավանաբար ես կսպասեմ իմ օրացուցային ազատմանը՝ սեպտեմբերի 16-ին, հետո ես արտասահմանում կկազմակերպեմ այդ միջոցառումը»:

«ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը համապատասխան հանձնաժողովը վերջին անգամ քննարկել ու մերժել է այս տարվա մարտին:

«Այս շաբաթ տեղի է ունենալու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին առընթեր անկախ հանձնաժողովի հերթական նիստը», - ասաց նա՝ հավելելով, որ դիմել է, որ այս անգամ իր հարցը չքննարկեն. - «Ավելի լավ կլինի սպասեմ իմ օրացուցային ազատմանը»:

Ազգային ժողովի պատգամավոր («ժառանգություն») Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արման Բաբաջանյանի հարցով դիմել է Արդարադատության նախարարին:

Պատգամավորի խոսքով, Բաբաջանյանը ազատազրկման ընթացքում չի ստացել ոչ մի տույժ, բնութագրվում է դրական, ինչն էլ կարող է նպաստել, որ նա ազատվի պատժի մնացած մասը կրելուց. - «Ուղղակի, քանի որ մենք բոլորս հասկանում ենք, որ իր դատապարտումը քաղաքական նպատակների հետեւանք է եւ մնացած պատիժը կրելու ժամկետնը նույնպես քաղաքական հետապնդումների հետեւանք է, այդ իսկ պատճառով, մենք գտնում ենք, որ հնարավոր է նույնպես լինի սուբյեկտիվ մոտեցում: Եվ նույնիսկ այս պայմաններում, որ նրա առողջությունը կտրուկ վատացել է, հրահանգ տրվի Բաղրամյան 26-ից, եւ փաստացի Արմանին թույլ չտալ պայմանական-վաղաժամկետ ազատվելու»:

Հուլիսի 22-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հանդես է եկել հայտարարությամբ, պահանջելով «անհապաղ ազատ արձակել» Արման Բաբաջանյանին:

«Հակառակ դեպքում հնարավոր վատ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի վարչախմբի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա», - նշված է ՀԱԿ-ի հայտարարությունում:

Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար։ 3 ամիս հետո կլրանա ազատազրկման ժամկետը։

Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին հայտարարված համաներումը Արման Բաբաջանյանի վրա չտարածվեց։ Սա Արման Բաբաջանյանի ազատազրկման 3 տարիներին հայտարարված 2-րդ համաներումն էր։ Սակայն երկու դեպքում էլ նա համաներման հնարավորությունից չի օգտվել, թեեւ նրա հանցանքը համարվում է միջին ծանրության։ Անցած 3 տարիներին մերժվել են նաեւ նրա՝ իրեն վաղաժամկետ ազատ արձակելու բոլոր դիմումները։