Հուլիսի 21-ի մամուլ

«Հրապարակ»-ը իր խմբագրականում ամփոփում է Սարգսյան - Ալիեւ վերջին հանդիպումը` գրելով. - «Ոմանք թեթեւացած շունչ քաշեցին` ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց: Նման կերպ մտածողներն ասում են` ավելի լավ է ոչինչ չստորագրվի, քան վատ փաստաթուղթ ստորագրվի: Ըստ էության` առողջ մոտեցում է, եթե չունենար մի թերություն. այս վիճակը հավերժ չի կարող ձգվել: Վաղ թե ուշ պետք է խնդիրը լուծվի: Եթե հետաձգումը կհանգեցնի նրան, որ մեզ համար նպաստավոր հանգուցալուծման հասնենք, անշուշտ, այս տակտիկան արդարացված է: Իսկ եթե հանգուցալուծումը լինելու է նույնը, եւ մենք ընդամենը ժամանակ են ձգում եւ հոգի մաշում, ապա նման մարտավարությունը ոչնչով արդարացված չէ: Դա նշանակում է, որ մենք ուղղակի հետաձգում ենք մեր ապրելը, զարգանալը, առաջ ընթանալը: Իսկ դա ոչ միայն արդարացված չէ, այլեւ վնասակար է ու վտանգավոր»:

«Տարեգիր»-ը շարունակում է թեման. - «Պատահական չէ, որ հասարակության պատկառելի հատվածը վաղուց խորշում է Ղարաբաղյան հարցի արծարծումից։ Մինչ հայրենասեր քարոզիչները նորանոր բառակապակցություններ են փնտրում՝ հասարակությանն անտարբերության մեջ մեղադրելու, նույն այդ հասարակությունը քամահրանքով, լավագույն դեպքում՝ թերահավատությամբ է վերաբերվում թե' հայրենասերներին, թե' ղարաբաղյան բանակցությունների ապագային։ Ավելին. հասարակությանը, խոշոր հաշվով, կարծես թե արդեն չի հուզում ոչ Ղարաբաղի, ոչ էլ բուն Հայաստանի ապագան։ Ահա թե ուր կարող է հասցնել հարցի լուծումը հարցը չլուծելու մեջ փնտրելու, հարցը քնեցնելու, հարցը ձգձգելու «մարտավարությունը», որը, ի հեճուկս Ղարաբաղի, Հայաստանի եւ սփյուռքի ողջ ողջամիտ հայության՝ որդեգրել է հիմա էլ Սերժ Սարգսյանը»։

«Գոլոս Արմենիի»-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական մոսկովյան վերջին բանակցություններին, մտահոգվում է թուրքական դիվանագիտության պրոբլեմներով. - «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Թուրքիա միայն նրա համար, որ կատարի ֆուտբոլասերների ցանկությունը: Նա կգնա ֆուտբոլային հավաքականների խաղին՝ միայն եթե այդ պահին հայ-թուրքական սահմանը արդեն կամ բացված լինի, կամ էլ կողմերը լինեն այդ իրադարձության նախօրյակին: Հիմա Անկարայի համար հասել է որոշելու ժամը՝ արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կարվեն, թե՞ ֆուտբոլային դիվանագիտությունը դեմ կառնի Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու՝ Թուրքիայի անպատրաստակամությանը: Այս պատճառով էլ հասկանալի է, որ մոսկովյան հանդիպումներում առաջընթացի բացակայությունը որեւէ կերպ ձեռնտու չէ Անկարային եւ Բաքվին: Վերջիններս մեծ աղմուկ կբարձրացնեն եւ կսկսեն իրենց մկանների հերթական ցուցադրությունը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ճնգաժամը «հաղթահարելու» համար Հայաստանը ընտրել է մի այնպիսի ճանապարհ, որը չի ընտրել աշխարհի մի որեւէ այլ երկիր: Ճգնաժամի արդյունքում Հայաստան մտնող տրանսֆերտները կտրուկ նվազեցին, օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազեցին, պետական բյուջեի մուտքերը կտրուկ նվազեցին: Բայց, ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանը որոշեց չկրճատել պետական ծախսերը: Բայց, քանի որ եկամուտները նվազել են, իսկ ծախսերը մնացել նույնը, ապա առաջացած տարբերությունը նվազեցնելու համար իշխանությունը որոշել է տարբեր աղբյուրներից ահռելի ծավալների՝ մոտ 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնել: Նկատենք, որ Հայաստանի գործող իշխանությունը գնացել է սրան ինքնակամ. ոչ ոք նրան չի ստիպել: Հիմա բոլորին հետաքրքրում է, թե ինչ կլինի սրա արդյունքում: Հետաքրքրությունը այնքան մեծ է, որ այդ միջազգային ֆինանսական կազմակերպությունները եւ նաեւ տարբեր երկրներ սկսել են առատորեն ֆինանսավորել Հայաստանի փորձարարությունը: Փորձը հաջող կանցնի՝ լավ, կտապալվի՝ մեծ կորուստ չէ. 30 հազար քառակուսի կիլոմետրի վրա ապրող ընդամենը 3 միլիոն ժողովուրդ, մոլորակի բնակչության 0.02 տոկոսը»:

«Ազգ»-ը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին քաղաքագետ Իգոր Մուրադյանին արգելել են անցնել Վրաստանի սահմանը: Սակայն որեւէ պատճառաբանություն այդ պահին չեն ներկայացրել: Արդեն Երեւանում` գործի դնելով Թբիլիսիի ընկերական շրջապատը, Մուրադյանը պարզել է, որ արգելքի համար վրացական իշխանությունը երեք հավակնություն է ներկայացրել: Նա ասում է. - «Պարզվեց, որ վտանգավոր եմ Վրաստանի անվտանգության համար»: Ապրիլի վերջին քաղաքագետի հանդիպումը Ախալցխայի հասարակական գործիչ Գրիգոր Մինասյանի հետ նույնպես վրացական իշխանությունների կազմած հավակնությունների թվում է: Մուրադյանը վերջին հավակնությունը բնորոշեց ամենազվարճալի ու ամենակրիմինալ. - «Իբր ապրիլին բանակցություններ եմ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ, այն հաշվարկով, թե Սամցխե-Ջավախքի բնակչությունը կքվեարկի ընդդիմության օգտին, եթե տեղի ունենան արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ»: Ըստ «Ազգ»-ի տեղեկությունների, վրացական իշխանությունները ցուցակ են կազմել՝ բաղկացած 20-25 հայերի ազգանուններից, որոնց մուտքը Վրաստան արգելվում է»: