Ստեփան Սաֆարյան. «Հոկտեմբեր ամսվա ընտրությունը պատահական չէ»

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատահական չի համարում, որ մոսկովյան վերջին բանակցությունների ժամանակ որոշվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նշանակել հոկտեմբերին:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տակավին վաղ համարելով մոսկովյան հանդիպմանը ամբողջական գնահատական տալը, «քանի դեռ չկա լիարժեք տեղեկատվություն», ընդդիմադիր պատգամավորը, այդուհանդերձ, հնարավոր համարեց որոշակի դատողություններ անել արդեն համանախագահների արած որոշ հայտարարությունների հիման վրա:

Առաջին եւ թիվ մեկ եզրահանգումը, ըստ նրա, կապված է նախագահների հաջորդ հանդիպման համար հոկտեմբեր ամիսը ընտրելու հետ: «Ես ուզում եմ վերստին հիշեցնել, որ որքան էլ հայտարարվում է, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը զուգահեռ գործընթաց է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց հոկտեմբերին վերջնականապես պարզ կդառնա` բացվո՞ւմ է արդյոք հայ - թուրքական սահմանը, թե՞ ոչ, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանը մեկնում է [աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան] պատասխան ֆուտբոլային խաղը դիտելու: Այս կտրվածքով, կարծում եմ, ժամանակացույցը ընտրված է ոչ պատահականորեն, քանի որ թուրքական կողմին եւ ադրբեջանական կողմին հանգստացնելու համար ճիշտ է տվյալ ժամանակահատվածում հերթական հանդիպման նշանակումը», - պարզաբանեց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական շրջանակներում առկա մտավախություններին, թե սպասվում է Ղարաբաղի հարցով շրջանակային համաձայնագրի ստորագրում, ինչը, սակայն, Մոսկվայում դա տեղի չունեցավ` պատգամավորը ընդգծեց. - «Խնդիրն այն է, որ նման փաստաթղթի ստորագրում հնարավոր է ցանկացած պահի, որովհետեւ բանակցությունների ընթացքը այնպիսին է, որ, այդուամենայնիվ, կարող են պարտադրել, որպեսզի ստորագրվի ինչ-որ մի փաստաթուղթ արդեն իսկ կայացած համաձայնությունների շրջանակներում: Խնդիրը այն չէ, թե կոնկրետ ո՞ր հանդիպման ընթացքում դա կարող է ստորագրվել, խնդիրը այն է, որ, ըստ էության, դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, քանի որ այս մեթոդաբանությամբ ընթացող բանակցությունների պայմանավորվածություններից մեկը հենց դա է հանդիսանում»:

Երրորդ կարեւորագույն հանգամանքը, ըստ Ստեփան Սաֆարյանի, այն է, որ, «ըստ էության, կարծեք թե մի փոքր շանտաժային իրավիճակ է առաջացել». - «Որովհետեւ, մի կողմից, համանախագահող երկրները եւ հատկապես Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը փորձում են Ադրբեջանին ցույց տալ, թե գործադրում են վերջին ջանքը, որպեսզի խնդիրը լուծեն, եւ որի արդյունքում կարգավորվեն ցանկալի ուղղությամբ Ռուսաստան - Ադրբեջան եւ Արեւմուտք - Ադրբեջան հարաբերությունները` ի նկատի ունեմ գազային մրցակցության ոլորտում, մյուս կողմից էլ, համենայն դեպս, հայկական կողմի համար է մի հետաքրքիր իրավիճակ առաջացել, ես կասեի` զավեշտալի. կարծեք թե, ռուս համանախագահ Մերզլյակովի այն հայտարարությունը, թե Ղարաբաղը կմիանա այն պահին, երբ ստորագրվի սկզբունքների մասին հռչակագիրը, սա դառնում է շանտաժի նման մի բան: Այսինքն` հայկական կողմը կարող է տեսնել ղարաբաղյան կողմի ներգրավվածությունը բանակցային գործընթացում, եթե հայկական կողմը ստորագրի այս սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը»: