Մոսկվայում կայացան Սարգսյան - Ալիեւ հերթական բանակցությունները

Your browser doesn’t support HTML5

Կայացան Սարգսյան-Ալիեւ բանակցությունները



Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում` «Պրեզիդենտ» հյուրանոցում, ուրբաթ օրը տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական հերթական բանակցությունները:

Դրանց ավարտին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները որեւէ հայտարարությամբ հանդես չեկան: Ակնկալվում է, որ ավելի ուշ հայտարարություն կտարածեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Բանակցությունները մեկնարկեցին Երեւանի ժամանակով 17:15-ին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպմամբ` դեմ առ դեմ ձեւաչափով:

Երկու նախագահների շուրջ 2 ժամ տեւած հանդիպմանը հետեւեցին ընդլայնված կազմով բանակցությունները. Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին միացան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ «առաջընթաց չի գրանցվել, սակայն չի եղել նաեւ հետընթաց»:

Համանախագահները ասացին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, թե «անկեղծ զրույց է տեղի ունեցել»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի հնարավոր մասնակցության վերաբերյալ` համանախագահները հայտարարեցին, որ երկու նախագահների հանդիպմանը Ղարաբաղի մասնակցության հարցը չի քննարկվել:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը այս կապակցությամբ, մասնավորապես, ասաց. - «Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ բոլոր հիմնարար սկզբունքները համաձայնեցված կլինեն»:

Մոսկովյան բանակցությունների նախաշեմին` իտալական Ակվիլա քաղաքում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իրենց հայտարարությունում նաեւ հրապարակեցին Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց նախնական տարբերակը Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում (Մադրիդյան սկզբունքներ):

Փորձագետները, այդ թվում նաեւ` ռուսաստանցի, թեեւ համոզված էին, որ մոսկովյան բանակցությունների արդյունքում փաստաթուղթ չի ստորագրվի, այդուամենայնիվ, ակնկալում էին, որ դրանք կարող են լուրջ առաջընթաց արձանագրել, քանի որ հենց այս բանակցությունների նախօրեին են պաշտոնապես հրապարակվել Մադրիդյան սկզբունքները, եւ, փաստորեն, խախտվել է բանակցությունների գաղտնիության սկզբունքը, հետեւաբար` կարելի է ենթադրել, որ դրանք մեծամասամբ արդեն համաձայնեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: