Նալբանդյանը վստահեցնում է, որ Հայաստանը «չի գնա որեւէ համաձայնության՝ առանց Ղարաբաղի ժողովրդի հավանության»

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Երկժամյա հանդիպման ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք հող տալի՞ս ենք Ադրբեջանին, Նալբանդյանը արձագանքեց. - «Հարցը ծագում է մադրիդյան որոշ սկզբունքներից»:

Շարունակելով` Հայաստանի արտգործնախարարն ասաց. - «Եվ դրանք սկզբունքներ են բանակցությունների համար: Որոշ սկզբունքների շուրջ, կամ որոշ առաջարկների շուրջ, որոշ դրույթների շուրջ ընթանում են բանակցություններ: Որոշի շուրջ բանակցություններ չեն ընթանում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ է արվել Հայաստանի արտգործնախարարության կողմից, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, Նալբանդյանն արձագանքեց, թե Հայաստանը գտնում է, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների լիիրավ մասնակից` հավելելով. - «Եվ դա անհրաժեշտություն է, նաեւ երաշխիք է խաղաղ գործընթացի հաջողության: Բնական է, որ Ղարաբաղը կարող է ունենալ տարբեր կարծիքներ որոշ հարցերի շուրջ, բայց Ղարաբաղի դիրքորոշումը եւ կարծիքը մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Եվ Հայաստանը ոչ միայն չի կարող անտեսել այդ կարծիքը եւ Ղարաբաղի դիրքորոշումը, այլ նաեւ չի գնա որեւէ պայմանավորվածության, համաձայնության՝ առանց Ղարաբաղի ժողովրդի եւ Ղարաբաղի ղեկավարության հավանության»: