Շաբաթ օրը Մայր Աթոռում կկատարվի հոգեհանգստյան արարողություն

Շաբաթ օրը` հուլիսի 18-ին, ժամը 11:00-ին, Ամենայն հայոց կաթողիկոս գարեգին երկրորդի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տրամադրել են ավիաաղետի կապակցությամբ Վեհափառի ցավակցական խոսքը, որում, մասնավորապես, ասված է. - «Խորը ցավով տեղեկացանք Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող օդանավի կործանման եւ դրա հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Ողբերգական այս իրադարձությունը մեծ վիշտ ու տխրություն բերեց ամենքիս: Սգում ենք աղետից զոհվածների կորուստը համայն մեր ժողովրդի հետ: Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` Մեր սրտակցությունն ու ցավակցությունն ենք բերում զոհվածների բոլոր հարազատներին ու մերձավորներին»: