Սերժ Սարգսյանը ցավակցական խոսքով է հանդես եկել Թեհրան - Երեւան օդանավի աղետի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական խոսքով է հանդես Թեհրան – Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավի կործանման կապակցությամբ:

Ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, ասված է. - «Սիրելի’ հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ ցավալի առիթով. ժամեր առաջ վթարի է ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավը: Ըստ տվյալների` աղետին զոհ են գնացել ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները: Զոհերի թվում են նաեւ մեր հայրենակիցները: Մենք չենք կարող հետ բերել կորուստները եւ մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Հայաստանի իշխանությունն անում է հնարավորը` օգնելու նրանց այս ծանր պահին: Դժվար է սփոփանքի ու մխիթարանքի խոսքեր գտնել մարդկանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Այս մեծ ողբերգությունը հաղթահարելու համար մաղթում եմ ոգու կորով եւ արիություն»: