ՀԱԿ. «Ղարաբաղյան գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում՝ ոչ հայանպաստ ելքով»

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Ղարաբաղյան կարգավորման գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում եւ՝ ամենեւին ոչ հայանպաստ ելքով», - երկուշաբթի օրը հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը:
Հայտարարությամբ Լեւոն-Տեր Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր ուժը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը. - «Ճակատագրական ու վտանգավոր գործընթացը կանխելու եւ Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձեւ կա. Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջեւ լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայայի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց, թե շատ թույլ է համարում Դաշնակցության հայտարարությունները, եւ, եթե այսպես շարունակվի, անգամ կարելի է կասկածել, որ այս ամենը կատարվում է Սերժ Սարգսյանի կողմից կազմված սցենարով:

«Նաեւ չեմ զարմանա, եթե մոտ ապագայում անցկացվի հանրահավաք՝ Դաշնակցության կողմից կազմակերպված, ադմինիստրատիվ բոլոր ռեսուրսների շահագործումով, պետական աջակցությամբ, որ իբր անհամաձայնություն հայտնեն այս բանակցությունների ընթացքին», - ասաց Զուրաբյանը՝ հավելելով. - «Բայց, բնականաբար, ոչ աշխարհն է հավատալու այդ թատրոնին, ոչ էլ հայ հասարակությունը»: