Հուլիսի 1-ի միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 14-ամյա Հերբերտ Գեւորգյանին

Ոստիկանությունը երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրել հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մեկ այլ մասնակցի` 14-ամյա Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ:
Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի առաջին եւ երկրորդ կետերով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով»:

Ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանող երիտասարդները պատմել էին, որ դաժան ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստներով ոստիկանների կողմից, որոնք Աբովյան փողոցի տարածքում հարձակվել են հանկարծակի եւ նույնիսկ ատրճանակների կոթերով հարվածել իրենց:

Ոստիկանությունը հակառակն է պնդում` որ երիտասարդներն են իրենց աշխատակիցների վրա հարձակվել եւ ծեծել նրանց, վկայակոչելով հատկապես երեք անունները` Տիգրան Առաքելյան, Հերբերտ Գեւորգյան եւ Սահակ Մուրադյան. վերջին երկուսը անչափահասներ են:

Տիգրան Առաքելյանը անցած շաբաթ կալանավորվել է նույն հոդվածով:

Հերբերտ Գեւորգյանի հայրը` «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու Հայկ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ որդուն առաջադրված մեղադրանքը շինծու է:

«Գործը լրիվ շինծու է ոտքից գլուխ, ոստիկանները լրիվ իրար հետ համաձայնեցված, անգիր արած ցուցմունքներ են տալիս, հենց որ մի հարց ես տալիս` առերեսման ժամանակ ես համոզվեցի, երեքի ասածն էլ իրար հակասում է», - ընդգծեց Հայ Գեւորգյանը` հավելելով. - «Գործը քննում է հենց ոստիկանությունը, որը կազմակերպել է այդ զինված հարձակումը երեխաների վրա. դա ես այլ կերպ չեմ որակում` զինված հարձակում երեխաների վրա: Հարցաքննության ժամանակ, ասենք, այնպիսի բաներ են ասում, որ իրենք իրենց ասածից ամաչում են` ոնց կարող է երեխան այդպիսի բաներ արած լինի: [Հերբերտ Գեւորգյանը] երբեք հայհոյանք չի օգտագործում, երբեք` դա բացառված է, ու հանկարծ ցուցմունք են տալիս, որ կանգնած մի 10 րոպե անընդհատ հայհոյել է, ձեռքով, քացով, ամեն ինչով խփել է, հետո պարզվում է, որ ո’չ իր ձեռքերին հետք կա, ոչ ոտքերին հետք կա»:

Հայկ Գեւորգյանը ոստիկանության որոշմանը հակադարձեց հուլիսի 1-ի միջադեպի ժամանակ ոստիկանության գործողությունների վկայակոչմամբ. - «Իրենք են արել. ատրճանակը երեխաներից մեկի գլխի վրա պահելը արդեն այնպիսի բան է, որ վաղեմության ժամկետ, կարծում եմ, չի ունենա, երբեք: Ժամանակը կգա, իրենք պատասխան կտան շատ-շատ ծանր հոդվածներով, համոզված եմ»:

Միջադեպից հետո Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը խոստացել էր պատժել թռուցիկներ բաժանող պատանիներին` մասնավորապես, հայտարարելով. - «Ես դատապարտում եմ ցանկացած ոստիկանի նկատմամբ ոտնձգոթյունը եւ խիստ պատժելու եմ, խստագույն ձեւի: Այդ հարցին կանդրադառնանք, ես այսպես չեմ թողնելու, ո՞նց թե»:

Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ոստիկանությունը կողմնակալ քննություն է վարում:

«Ակնհայտ է, որ չի կարող անկողմնակալ քննություն կատարվել: Կատարվում է միակողմանի քննություն` Կենտրոնի քննչական բաժինը քննում է Կենտրոնի ոստիկանության կողմից կատարված հանցավոր արարքը, որի հետեւանքով էլ ոստիկանության աշխատակիցը տուժողի կարգավիճակում է», - ընդգծեց փաստաբանը: