Փաստահավաք խմբում ընդդիմությունը ներկայացրած անդամները նոր զեկույց են պատրաստում

2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ:

Անցած ամիս լուծարված փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր գործընկեր Սեդա Սաֆարյանի («Ժառանգություն») հետ պատրաստում են նոր զեկույցներ:

Զրույցի սկզբում, անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական հանձնաժողովի թիվ 1677 բանաձեւին, (որով փաստահավաք խմբի նախկին անդամներին կոչ է արվում իրենց եզրակացությունները ներկայացնել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին), Քոչարյանն ասաց, որ այդ բանաձեւով իրենց «լեգիտիմության աստիճան է տրված». - «Կարծում եմ, որ իրենք էլ նախկին մեր աշխատանքները կարողացել են գնահատել, եւ շատ լավ հասկացել են, որ փաստահավաք խմբի հատկապես ընդդիմադիր ուժերը ներկայացնող փորձագետները, շատ հնարավոր է, ունենան որոշակի ասելիք»:

«Ես եւ տիկին Սաֆարյանը այս պահին էլ աշխատում ենք շատ լուրջ մի փաստաթղթի վրա, որը կներկայացնենք հանրությանը առաջիկա 10 օրվա ընթացքում», - փոխանցեց Քոչարյանը՝ հավելելով, որ այն վերաբերելու է «կոնկրետ անձի մահվան հանգամանքներին»:

Հարցին, թե 10 զոհերից կոնկրետ որ մեկի մահվան հանգամանքներին է վերաբերելու զեկույցը, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. - «Թույլ տվեք մինչեւ զեկույցը հրապարակելը այդ մասին չասեմ: Բայց, կարող եմ ասել, որ սա, իմ կարծիքով, ամենալուրջ ուսումնասիրություններից մեկն է Փաստահավաք խմբի»:

Քոչարյանը ափսոսանք հայտնեց, որ փաստահավաք խումբը չհասցրեց զբաղվել բոլոր զոհերի մահվան հանգամանքների ուսումնասիրությամբ. - «Եթե մեզ տրվեր հնարավորություն, ոնց որ մնացած 5 դեպքը, մյուս մահվան հանգամանքներում էլ մենք կհասցնեինք բավականին խորանալ եւ մեր տեսակետները հայտնել հանրությանը: Բնականաբար, այդ նյութերը պետք կլինեին նաեւ նախաքննական մարմնին»:

Հարցին, թե պատրաստելու են այդյոք այլ զեկույցներ, փորձագետը պատասխանեց. - «Հաջորդ զեկույցները կվերաբերեն արդեն առավոտյան դեպքերին, բանակի հետ առնչվող խնդիրներին, որտեղ կան բավականին մեծ նյութեր, եւ էլի մի քանի զեկույցներ, որոնք, կարծում եմ, կհասցնենք մինչեւ սեպտեմբեր ներկայացնել եւ [խորհրդարանական ժամանակավոր] հանձնաժողովին, եւ հանրությանը»:

Իսկ հարցին, թե խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հավաքած նյութերը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ, որոնք նաեւ հրապարակվել են մամուլում, լիարժեք չեն, Քոչարյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, մեր ունեցած փաստերը ավելին են, քան ժամանակավոր հանձնաժողովը կարողացել է հավաքել: Եվ ճիշտ կլինի, որ իրենք համադրեն այդ բոլորը եւ ամբողջությամբ ներառեն իրենց զեկույցի մեջ: Չներառելու դեպքում, ես կարծում եմ, որ մենք ուշադիր կհետեւենք այդ փաստաթղթին, եւ եթե որեւէ բացթողում լինի, անպայման այդ մասին կհնչեցնենք»:

Սեպտեմբերի վերջին ավարտվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը, եւ այն Ազգային ժողովին կներկայացնի իր զեկույցը: Լուծարված փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը հանձնաժողովին արդեն ներկայացրել է խմբի հավաքած նյութերը:

Հավելյալ զեկույցներ ներկայացնելու իրենց մտադրությունը Քոչարյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Ես կարեւորում եմ, որ զեկույցները անպայման ծնվեն եւ այս փաստերը Ֆիքսվեն զեկույցների մեջ, որպեսզի հետագայում համապատասխան իրավիճակի առկայության դեպքում հնարավոր լինի բացահայտել ամբողջությամբ այս 10 անմեղ զոհերի մահվան հանգամանքները, եւ մեղավորները պատժվեն»:

Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ինքը լավատես չէ, թե նախաքննության մարմինը կկարողանա բացահայտել այդ հանգամանքները, Քոչարյանը պատասխանեց. - «Իհարկե, լավատես չեմ: Որովհետեւ նախաքննության մարմինը ունեցել է բոլոր հնարավորությունները եւ լծակները բոլոր սպանությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար»:

«Եթե չեն բացահայտում, նշանակում է՝ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան, կամ խանգարող մարդիկ, կամ խանգարող կառույցներ», - շարունակեց նա: - «Ամենակարեւորը, որ այս զեկույցներում այդ ամենը ի մի է բերված եւ պահվելու է: Եթե այսօր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նախաքննական մարմինը չի կարողանում դա անել, անպայման մի օր կստեղծվի մեկ այլ նախաքննական մարմին, մեկ այլ ղեկավարի գլխավորությամբ, որը անպայման կունենա այդ ցանկությունը: Եվ նրա համար պետք է ստեղծել փաստերի այդ բազան»: