Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվորներ դուրս չեն եկել աշխատանքի

Կապանի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ընկերությանը պատկանող պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 100 բանվորներ երկուշաբթի առավոտյան հրաժարվել են ներկայանալ աշխատանքի՝ հայտարարելով, որ դա «մեծ գործադուլի սկիզբն է»:
«Սա ըմբոստություն է, որ մասսայական գործադուլի է վերածվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բանվորներից մեկը:

Բանվորները կանադական ձեռնարկության տնօրենից պահանջում են իրենց աշխատանքի լիարժեք վարձատրություն:

«Մենք պահանջում ենք մեր աշխատանքի դիմաց մեր գումարները: Դրա չնչին մասն են հիմա վարձատրում», - ասաց աշխատանքի դուրս չեկած մեկ այլ բանվոր:

Հանքագործների աշխատավարձերը կրճատվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքին զուգահեռ, երբ ձեռնարկույթունն աշխատում էր հզորության 20 տոկոսով միայն, իսկ հիմա ձեռնարկույթւոնն աշխատում է ամբողջ հզորությամբ, բայց աշխատավարձը շարունակում է ցածր մնալ:

«Հիմա մենք ստանում ենք մեր նախկին աշխատավարձի 50 տոկոսը: 8 ամիս է այդպես ենք ստանում», - ասաց բանվորներից մեկը՝ հնչեցնելով նաեւ իրենց դժգոհությունը պայմանագրերի բացակայությունից. - «Ապրիլի 25-ին ասել էին, որ մայիսի 15-ին պայմանագրերը պատրաստ կլինեն, բայց մինչեւ այսօր պայմանագիր չունենք»:

Անցյալ ուրբաթ ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան հայտարարել էր, թե բանվորների գործադուլը կկանխվի աշխատավարձի վճարման բոնուսային ծրագրի շնորհիվ։

Երկուշաբթի օրը տնօրենը աշխատանքի դուրս գալ հրաժարվող բանվորներին ներկայացրած բոնուսային ծրագրով առաջարկել է աշխատավարձը բարձրացնել հինգ հազար դրամով` կրճատելով գիշերային հավելավճարը, որը 40 հազար դրամ է:

Այդ ծրագրին ծանոթանալուց հետո բանվորները հայտարարեցին. - «Ինքը մեզ տալիս է 100 հազար, 80 հազար, բայց ինքը պահանջում է 300 հազարի գործ… Էլ ոսկրին է հասել: 80 հազարով ո՞նց կարելի է գետնի տակ գիշեր-ցերեկ աշխատել»:

Կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը կեսօրին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե գործադուլ անողներին կներկայացվեն նոր առաջարկներ:

Օրվա ավարտին, սակայն, բանվորները տեղեկացրին, որ իրենց կրկին ներկայացվել է նույն առաջարկը:

«Բոնուսային ծրագիրը, իհարկե, չի գոհացնում», - ասաց կոմբինատի արհմիության նախագահը՝ պնդելով, որ շարունակելու են բողոքի ակցիան: