Ազգային հիպոթեկային ընկերությունը կնքել է առաջին պայմանագիրը

Անցած ամիս ստեղծված Ազգային հիպոթեկային ընկերությունը Հայբիզնեսբանկի հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը: ԼՐԱՑՎԱԾ
Ազգային հիպոթեկային ընկերությունը, ըստ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, հնարավորություն կտա հասարակությանը ավելի մատչելի պայմաններով հիպոթեկային վարկեր ստանալ առեւտրային բանկերից, որոնց կվերաֆինանսավորի Ազգային հիպոթեկային ընկերությունը:

«Դուք կնկատեք տոկոսադրույքների կտրուկ իջեցում», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը վստահեցրեց Ջավադյանը: - «Եվ մեր կողմից առաջնահերթությունը տրվելու է այն բանկերին, որոնք տրամադրված են ավելի ցածր տոկոսադրույքների [սահմանմանը]»:

Ներկա պահին Ազգային հիպոթեկային ընկերությունն ունի 17 միլիարդ դրամ, որից 5 միլիարդը հատկացրել է Կենտրոնական բանկը, իսկ 12 միլիարդը մասն է ռուսաստանյան վարկի՝ Հայաստանի բանկային համակարգի զարգացման ուղղված 60 միլիարդ դրամի:

Ընկերություն ղեկավարությունը հնարավոր է համարում, որ հետագայում կներգրավվեն նոր ֆինանսական միջոցներ:

Այս ծրագրի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն ունեն վարկ վերցնել մինչեւ 20 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է բնակարանների գներին, ապա, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, գները դրամային արտահայտությամբ իջել են 7-10 տոկոսով, իսկ արտարժույթով՝ նախորդ տարվա համեմատ իջել են 30 տոկոսով:

Կենտրոնական բանկի նախագահը չի կարծում, որ անշարժ գույքի շուկայում նորից գների անկում կարձանագրվի:

Առեւտրային բանկերը, նրա խոսքով, վերաֆինանսավորվելու են 9 տոկոսով, իսկ թե ինչ պայմաններով բանկերը կտրամադրեն հիպոթեկային վարկերը, դա վերջիններիս որոշելիքն է, եւ որեւէ սահմանափակում չի դրվում:

Ազգային հիպոթեկային ընկերության ղեկավարությունը հնարավոր է համարում, որ հետագայում կներգրավվեն նոր ֆինանսական միջոցներ:

Կենտրոնական բանկի նախագահի տեղեկացմամբ, առաջիկայում Բոննում Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջեւ կստորագրվի 20 միլիոն եվրո վարկի պայմանագիր: Գումարը տրամադրելու է գերմանական KFW բանկը:

Օրեր առաջ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում պատգամավորներից ոմանք մտահոգություններ հնչեցրին, որ կառուցապատողներին տրվող պետական երաշխիքի շրջանակներում այդ ծրագրի համար նախատեսված 20 միլիարդ դրամից աջակցություն է տրվում միայն իշխանությունների, այսպես ասած, ծանոթ-բարեկամ կառուցապատողներին։

Կենտրոնական բանկի նախագահի մեկնաբանությունը սրա վերաբերյալ հետեւյալն էր. - «Ես չեմ կարծում, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը: Ընտրությունը իրականացվում է մրցութային ձեւով»:

Նա հավելեց, որ կառավարության ձեռնարկած միջոցառման շրջանակներում պետական երաշխիք է տրվում այն կառուցապատողներին, որոնք ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում չեն կարողանում ավարտին հասցնել իրենց շինարարությունը։ Սակայն կան որոշակի չափանիշներ, որոնցից մեկն էլ այն է, որ կառուցված լինի տվյալ շինության 50 տոկոսից ավելին։