Եվրամիության անդամ երկրները եւ Թուրքիան «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին պայմանագիր ստորագրեցին

Անկարայում Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան երկուշաբթի միջկառավարական պայմանագիր ստորագրեցին «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին:
Պայմանագիրը ստորագրեցին Թուրքիայի եւ Եվրամիության անդամ 4 երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։

3 հազար 3 հարյուր կիլոմետր երկարությամբ այս գազատարը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը եւ կոչված է «երկնագույն վառելիքի» մատակարարման հարցում թուլացնել եվրոպական երկրների կախվածությունը Մոսկվայից: Խողովակաշարը Կասպյան հանքավայրերի գազը փոխադրելու է Թուրքիա, որտեղից այն կհասնի Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա, ապա նաեւ Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի շուկաներ: Թուրքիայի տարածք հասած վառելիքը գազատարի մեկ այլ հատվածով կփոխադրվի նաեւ Մերձավոր Արեւելք: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 8 միլիարդ եվրո։ Գազատարի շահագործումը պետք է սկսվի 2014 թվականին:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, ներկայիս միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում դժվար է այդ կարգի հսկայածավալ շինարարության համար միջոցներ հայթայթել: Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները մայիսին հայտնել են, որ այլեւս հետաքրքրված չեն «Նաբուկոյով»:

«Նույնիսկ եթե ֆինանսավորումը ապահովենք, գազի անհրաժեշտ քանակությունը խնդիր է դառնում, որովհետեւ առանց այդ երեք երկրների գազի հիմնական աղբյուր մնում է Ադրբեջանը, որը այդքան գազ չունի եւ տարեկան ի զորու է ապահովել առավելագույնը 4 միլիարդ խորանարդ մետր, իսկ դա՝ բավարար չէ», - ասել է թուրք փորձագետ Նեջեթ Փամիրը:

Այդուհանդերձ, անցած ուրբաթ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովն անսպասելիորեն հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է բնական գազ հատկացնել «Նաբուկոյին»: Ադրբեջանը պնդում է, թե ունի գազի անհրաժեշտ պաշար, սակայն անցած ամիս պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ 2010-ը թվականից ռուսներին գազ վաճառելու մասին, ինչը կասկածի տակ է դնում «Նաբուկոյի» հեռանկարը:

Այս ծրագրի հիմնական մրցակիցը «Հարավային հոսանք» խողովակաշարի նախագիծն է, որով ռուսական գազը Սեւ ծովի հատակով կհասնի Բուլղարիա, այնտեղից էլ Արեւմտյան Եվրոպա: «Հարավային հոսանքը» նախաձեռնել են ռուսական «Գազպրոմն» ու իտալական «Էնին»:

Անկարայում «Նաբուկոյի» պայմանագրի ստորագրմանը մասնակցելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրասիական էներգետիկայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Սիրիայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները:

Պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել էր, որովհետեւ թուրքական կողմը ցանկանում էր գնել «Նաբուկո» խողովակաշարով փոխադրվելիք գազի 15 տոկոսը ներքին սպառման եւ հետագա վերավաճառքի համար:

«Բնական է, որ Թուրքիան նաեւ իր սեփական շահն ունի այս հարցում: Բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ կշարունակվեն ապագայում»,- «Ֆրանսպրեսին» փոխանցել է մի թուրք դիվանագետ:

«Ռոյթերզը» երեկ վկայակոչել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզին, ով ասել է, որ թուրքերը հրաժարվել են այդ պահանջից:

«Ծրագրի հետագա փուլերում ռուսները կարող են միանալ «Նաբուկոյին», եթե գտնեն, որ դա իրենց համար շահավետ է, այստեղ որեւէ խոչընդոտ չկա»,- ասել է էներգետիկայի նախարարը: Նա ասել է նաեւ, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանից ներկրած գազի ծավալը ներկայիս 6 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 14 միլիարդի:

Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «Նաբուկոն» առաջնահերթ նշանակության ծրագիր է Անկարայի համար, քանի որ այն ամրացնելու է երկրի կապերը Եվրոպական միության հետ: Նախկինում Թուրքիան սպառնացել էր հրաժարվել «Նաբուկոյից», եթե Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները վերստին հետաձգվեն: