Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ

Ակվիլայում գագաթնաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` երեք պետությունները, որոնք նախագահում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, իրենց աջակցությունն են հայտնում «կարգավորման հիմնարար սկզբունքների մշակումն ավարտելու Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին»:

«Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2007 թվականին Մադրիդում ներկայացված խաղաղության հաստատման ծրագրի լրամշակված տարբերակը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը», - ասվում է Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարությունում:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը Ադրբեջանին, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ եւ միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ, տեղահանվածների եւ փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հուլիսի 17-ին հանդիպելու են Մոսկվայում:

Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ասված է.

«Մենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը` աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:

Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում:

Տեղեկանք

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի [արտաքին գործերի] նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակ են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում:

Հիմնարար սկզբունքները արտացոլում են բանական փոխզիջում` հիմնված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:

Հիմնարար սկզբունքները կոչ են անում, մասնավորապես.

- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը;

- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի;

- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք;

- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով;

- ներքին տեղահանված անձանց եւ փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք;

- եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնարար սկզբունքների սատարումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր` ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի համար խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ապահովմանը»: