Էներգետիկայի նախարարը պարզաբանում է Warley Parsons-ի հետ կնքված պայմանագրի մանրամասները

Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին որոշ պարզաբանումներ է տվել Հայաստանի կառավարության եւ Warley Parsons միջազգային կոնսորցիումի միջեւ հունիսի վերջին ստորագրված 459.7 միլիոն դոլարի պայմանագրի շուրջ։ Պայմանագրով էներգետիկ եւ ենթակառուցվածքների ոլորտներում տարբեր ծառայություններ մատուցող այս ավստրալական ընկերությունը ստանձնել է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարումը։
Նախանշված գումարից մոտ 500 հազար դոլարը վճարվելու է պետբյուջեից՝ խորհրդատվության համար։ Մնացած մասը կձեւավորվի շահագրգիռ ներդրողների միջոցներով։

Պայմանագիրն իրականացվելու է 4 փուլով։ Առաջին երկու փուլերը մեկնարկելու են այս տարի։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Warley Parsons եւ Հայաստանի կառավարության միջեւ համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո, ավստրալական ընկերությունը պետք է իրականացնի հետեւյալ քայլերը. - «Ըստ տեխնիկական առաջադրանքի հաստատված փուլերի, հիմա պետք է ներկայացնեն դիզայնը ամբողջ կայանի, թե ինչ հանգույցներով եւ ինչպիսի հանգույցներով դա պետք է կահավորված լինի եւ տեխնիկատնտեսական հիմնավորումը»։

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման համար ֆինանսական ներդրումներին, ապա, ըստ նախարարի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո նոր կհայտարարվի համապատասխան մրցույթ ֆինանսավորման վերաբերյալ։

Նոր կառուցվելիք ատոմակայանն ունենալու է 1200 մեգավատ հզորություն եւ ըստ պատկան մարմինների` համապատասխանելու է անվտանգության միջազգային չափանիշներին։ Նոր կայանի շահագործման ժամկետը 60 տարի է։ Կայանի կառուցման համար, ըստ նախնական հաշվարկների կպահանջվի 5-ից 7.2 միլիարդ դոլար։ Այն պետք է շահագործման հանձնվի մինչեւ 2017 թվականը։

Warley Parsons էներգետիկ ոլորտում ծառայություններ մատուցելու ուղղությամբ մասնագիտացած կազմակերպություն է։ Համարվում է ինչպես Ավստրալիայի, այնպես էլ ողջ աշխարհի խոշորագույն ճարտարագիտական ընկերություններից մեկը։