Ալեքսանդր Արզումանյանը քննադատում է իշխանություններին «Մարտի 1»-ը կոծկելու համար

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Անցած ամիս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը, հակադարձելով իշխանությանների պնդումներին, թե «Մարտի 1-ի» էջը փակվել է, հայտարարեց, թե «Մարտի 1-ի էջը դեռ չի էլ բացվել»:
«Շատ է խոսվում այն մասին, թե «Մարտի 1-ի» էջը փակելու փորձ արվեց իշխանությունների կողմից՝ այսպես կոչված, համաներում հռչակելով», - ասաց նա: - «Ամենեւին, «Մարտի 1-ի» էջը դեռ չի էլ բացվել: Մարտի 1-ին տեղի է ունեցել սպանդ, եւ ողջ գործունեւությունը Հայաստանի իշխանությունների վերջին մեկուկես տարիների ընթացքում եղել է այդ գործը կոծկելը եւ ինչ-որ մարդկանց վրա պատասխանատվությունը բարդելը: Դրա համար էլ ստեղծվել են ինչ-որ հանձնաժողովներ, որոնք նույն խնդիրն են փորձում լուծել»:

Ալեքսանդր Արզումանյանը, ով իրեն առաջին հերթին համարում է քաղբանտարկյալ եւ խղճի կալանավոր, համոզված է, որ իշխանությունները համաներման որոշումը կայացրել են ճնշումների ներքո եւ դա [սեփական] «դեմքը փրկելու» ինչ-որ քայլ էր. - «Վերջին մեկուկես տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը գեթ մեկ խնդիր է ունեցել արտաքին ասպարեզում. ընդամենը այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը խուսափի արտաքին պատժամիջոցներից: Այլ հարց չունի Հայաստանը: Այսինքն՝ մանդատից զրկվել-չզրկվելու հարցը եղել է մեր համար մեկ խնդիրը, եւ այդ կտրվածքով են քննարկվել բոլոր մյուս կարեւորագույն խնդիրները: Սա ամոթալի իրավիճակ է»:

Որքան էլ քննադատություն հնչի Վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հասցեին, Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ի բոլոր նստաշրջաններին նախորդող օրերին քաղաքական դրդապատճառներով կալանավորներ ազատ արձակվել են՝ թեկուզ խնդրագրերով կամ այլ մեթոդներով: Համաներման գործընթացի վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ը ֆիքսելը եւս, ըստ նրա, նույն դրդապատճառներով է պայմանավորված:

«Այս իշխանությունը, եթե ունենար հնարավորություն, որեւէ մեկին ազատ չէր արձակի: Ավելին՝ ամբողջ միտինգին մասնակցած մարդկանց կկոխեր բանտ», - հայտարարեց նա:

Ընդդիմության երիտասարդ աջակից Տիգրան Առաքելյանի կալանավորման կապակցությամբ Ալեքսանդր Արզումանյանը ասաց. - «Մենք այսօր այդ երեխաներին ցինիկաբար, դաժան հոդվածներով ձերբակալելով փորձում ենք վախեցնել... Այս իշխանություններն էլ են գնալու, մենք էլ... Այդ սերունդն է ապրելու: Մեզ պե՞տք է այն սերունդը, որին պետք է 13-14 տարեկանից ահաբեկելով, ծեծելով, ջանդելով ստիպեն, որ ինքը ենթարկվի ինչ-որ մեկի՝ ով ուզում է լինի, ընտրված թե չընտրված, ինչ-որ մեկի քմահաջույքներին»:

Նախկին արտգործնախարարը մտահոգություն հնչեցրեց նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ կարծիք հայտնելով, թե այնպիսի տպավորություն է, կարծես ոչ միայն Ղարաբաղը, Հայաստանը եւս դադարել է բանակցային կողմ լինելուց. - «Եռանախագահները կամ այլ ատյանները որոշում են, թե ինչ լուծում պետք է լինի, Ադրբեջանը հնչեցնում է այդ լուծումները, իսկ մենք սուսուփուս սպասում ենք, թե միջազգային հանրությունը կգա՞ կոնսենսուսի, որ մեզ պարտադրի, թե՞ չի գա կոնսենսուսի, եւ Ադրբեջանը զենքով կփորձի պարտադրել... Սա է վտանգը»:

Արզումանյանը մտահոգիչ է համարում նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` «վատ եղանակի» հիմնավորմամբ Ղարաբաղ չայցելելը՝ արձանագրելով, որ խմբի գոյության ընթացքում միայն վերջին ամիսներին է, որ համանախագահները վատ եղանակի պատճառով Ղարաբաղ չեն գնում:

Հայ-թուրքական հարաբերությունում Արզումանյանը որեւէ փոփոխություն չի արձանագրում՝ «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունը որակելով «մեծ բլեֆ»:

«Դա մեծ բլեֆ է: Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել», - ասաց նա: - «Հիմա, երբ էլի խոսվում է այն մասին, որ առանց նախապայմանների սահմաններ են բացվելու, հարցեր են լուծվելու, եւ դրանից հետո գաղտնազերծվում է, որ կան մի շարք նախապայմանններ՝ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծում եւ այլն, սա գալիս է ընդամենը ապացուցելու, որ հայ-թուրքական հարաբերությունները օգտագործվել են Թուրքիայի կողմից ընդամենը իր առջեւ դրված կոնկրետ ինչ-որ մի խնդիր լուծելու: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները զրո են»: