Սերժ Սարգսյանը մտահոգություն է հնչեցնում հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ

Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հրապարակայնորեն մտահոգություն հնչեցրեց հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ:
«Մենք ցանկանում ենք վերացնել Եվրոպայում մնացած փակ սահմանները եւ կառուցել առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ», - պաշտոնական այցով այսօր Հայաստան ժամանած Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը: - «Բայց մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»:

Նախկինում, հիշեցնենք, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի նախագահի արտահայտած սպասումները գերազանցապես դրական էին, սակայն այժմ իրավիճակը, կարծես թե, փոխվում է:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կողմ է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությանը, Սերժ Սարգսյանը արձագանքեց, թե Հայաստանը դեմ չէ դրան՝ հավելելով, որ այդ պարագայում Հայաստանն ակնկալում է «եվրոպական չափանիշներով հարեւանություն»:

«Որովհետեւ, ցավոք սրտի, մեր պարագաներում փոխադարձ պայմանավորվածությունները չհարգելը տանում է դեպի անվստահության մեծացում, տանում է դեպի անջրպետի ավելի խորացում եւ հետագայում շատ ավելի մեծ ջանքերի գործադրում», - պարզաբանեց Սերժ Սարգսյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ՝ նախագահ Սարգսյանն ասաց, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. - «Խնդրի կարգավորումը պետք է ընդգրկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ցամաքային կապի ամրապնդումը, ռազմական գործողությունները չվերսկսկելու երաշխավորումը»:

Ասուլիսում Կիպրոսի եւ Հայաստանի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. - «Կողմերը կարեւորում են Հայաստանի ու Կիպրոսի միջեւ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը՝ ի նպաստ տարբեր բնագավառներում փոխադարձ շահավետ նախաձեռնություններին եւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը»:

Կիպրոսի Հանրապետության նախագահը խոստացավ աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների խորացման առումով. - «Հայաստանն արդեն սկսել է երկխոսությունը Եվրամիության հետ՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային երկխոսություն, եւ եթե այդ ընթացքում Հայաստանը ինչ-որ խնդիրների բախվի, մենք պատրաստ ենք աջակցել»: